ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի կորցրած տարածքները պետք է վերադարձնենք պատերազմի միջոցով։ Նա կարծում է, որ քաղաքական գործընթացների միջոցով։ Նազարյանը նման կարծիք հայտնեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
«Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»,–ասաց նա։
Նազարյանը նշեց' պետք է փորձենք երկարատև խաղաղություն ունենալ մեր բոլոր հարևանների հետ. տարածաշրջանը վերջապես պետք է մարդկային դեմք ունենա։
Հարցին, թե Նազարյանը հակադարձո՞ւմ է այն պնդումներին, որ այլևս ոչ մի պատերազմով հնարավոր չէ հետ բերել կորցրած տարածքները' Նազարյանը պատասխանեց, որ ինքը պատերազմով չի ուզում դա անել։
«Ես ուզում եմ քաղաքական գործընթացների միջոցով դա անել։ Ես քաղաքական գործիչ եմ և հավատում եմ քաղաքականությանը»,–հավելեց նա։
Խոսելով այն մասին, թե հնարավո՞ր չէր խուսափել պատերազմից, որն այսքան կյանք խլեց մեզնից, Նազարյանը նշեց, որ պետք է քննության ենթարկենք վերջին 30 տարիների բանակցային և քաղաքական գործընթացները։ Նրա խոսքով' պետք է դասեր քաղենք մեր անցած ճանապարհից։
ԱԺ փոխնախագահը կարծում է, որ եթե պատերազմ է եղել, ուրեմն' քաղաքականությունը և քաղաքական գործիչները պարտվել են. եղել են սխալներ։
Նազարյանն անդրադարձավ նաև ընդդիմադիրների այն կարծիքին, թե պարտված երկրի ղեկավարը բանակցել չի կարող' ասելով, որ գուցե հենց պարտված ղեկավարն այժմ առավել լավ է պատկերացնում մեր դրությունը։
«Փաշինյանի ոտքերն ամուր կերպով գետնին են, ոչ թե երկնքում' երազանքների մեջ։ Նա շատ լավ պատկերացնում է, թե ինչ հնարավորությւոններ ունենք մենք հիմա, ինչ հնարավորություններ կարող ենք օգտագործել մեզ համար շահեկան դիրքերում հայտնվելու համար»,–ասաց Նազարյանը։