«Այլընտրանքային նախագծեր» խումբը ներկայացնում է Գեղամ Նազարյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, հետպատերազմական իրավիճակում իշխանության քայլերին։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․
Մաս առաջին. Թուրքիայի վտանգը
Թուրքիան և Ադրբեջանը փետրվարի 1-12-ը Կարսում համատեղ զորավարժություն կանցկացնեն՝ Հայաստանի արևմտյան սահմանների անմիջական մատույցներում, Գյումրիին շատ մոտ: Անցած տարի, երբ թուրքերն ու ադրբեջանցիները զորավարժություններ անցկացրին Նախիջևանում, ինչպես նաև Հայաստանի արևելյան սահմանների մոտ և ադրբեջանցի զինվորների շարքերով գրեցին՝ հաջորդ կանգառը Շուշի, հասարակությունը և իշխանությունն անտարբեր եղան, իսկ մի խումբ փորձագետների, քաղաքական գործիչների ահազանգերը տեղ չհասան:
Երբ Ադրբեջանն ու Թուրքիան անթաքույց, ցուցադրաբար պատրաստվում էին պատերազմին, Փաշինյանի իշխանությունը զբաղված էր ընդդիմադիր գործիչների դեմ քրեական գործեր հարուցելով, Արցախն ազատագրած քաղաքական և զինվորական գործիչների դատավարությամբ: Կարող եք կրկին ուշադրություն չդարձնել Կարսի զորավարժություններին: Կարող եք կառչած մնալ իշխանությունից: Կարող եք շարունակել խաբել հանրությանը, բայց դրանից իրականությունը չի փոխվում, Հայաստանի գլխին կանգնած վտանգը չի մեղմվում։ Կարսը Գյումրիից հեռու է ընդամենը 65 կմ-ով, իսկ Կարսի գավառը՝ իլը, Շիրակի մարզից բաժանում է ընդամենն Ախուրյան գետը։ Եվ չնայած այս փաստին, վարչախումբը Գյումրիում զբաղված է Վազգեն Մանուկյանի դեմ սադրանք կազմակերպելով։
Մաս երկրորդ. «Թուրքիայի գործակալի» վտանգը
Մի քանի օր է՝ ամբողջ Հայաստանը քննարկում է Արարատ Միրզոյանի մասին արված բացահայտումը։ Չկա մի տուն, որտեղ դա չքննարկվի։ Բայց պետական ինստիտուտների կողմից չկա համարժեք արձագանք: ԱԱԾ-ի հերքումը թերի էր. մեծ հաշվով, մեղադրանքը պետք է հերքեին թուրքական հատուկ ծառայությունները, քանի որ նրանց գործակալ լինելու մեջ էր Արարատ Միրզոյանը մեղադրվում։ Ի դեպ, Արարատ Միրզոյանը պատերազմի օրերին եղել է հրամանատարական բունկերում։ Ընդգծենք նաև, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին այդ պաշտոնում առաջարկել է հենց Արարատ Միրզոյանը՝ 2018-ի հեղափոխության օրերին՝ ՖԲ-ով, հապճեպ, ափալ-թափալ, երբ դեռ իշխանության չէին եկել։
Մաս երրորդ. Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին
Շարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատական աբսուրդը։ Պատերազմ հրահրողները, պատերազմն ամեն գնով չկանգնեցնողները, կապիտուլյացիայի խայտառակ հայտարարություն ստորագրողները, Շուշին և Հադրութը հանձնողները, Հայաստանի սահմանները զիջողները, 5 հազարից ավելի զոհերի և տասնյակ հազարից ավելի վիրավորների և հաշմանդամ դարձածների համար պատասխանատուներն ու մեղավորները դատում են Շուշին ազատագրողներին։ Պատերազմում խայտառակ պարտված իշխանությունը դատում է Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին։ Իսկ այս ամենին հետևում են Կարսում զորավարժությունների կազմակերպիչները։ Հետևանքները կարող են շատ ծանր լինեն։