«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը, որը տարիներ շարունակ սոցիալական ծրագրեր է իրականացնում, վառելափայտ բաժանում կարիքավոր ընտանիքներին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով միայնակ տարեց մի կնոջ մահվան մասին։
«Ցրտահարությունից մահացության դեպք, այնուամենայնիվ, գրանցվեց Գյումրում:
Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը: Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70 ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն:
Անկեղծ ասած, ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ…
Մանրանասները ներկայումս ճշտում ենք, պարզապես նրա հաշվառման հասցեով ոչ մեկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չուներ նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ։ Հնարավոր է փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել:
Ինչևիցե, տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանի կողմից այսօր հուղարկավորեցին «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը հատուկ նախատեսված է անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար»,- գրել է նա: