ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գրիգորյանը այսօր հարցուպատասխանի ընթացքում կառավարությանը հարց ուղղեց զոհվածների, անհետ կորածների և անտուն մնացածների թվի մասին՝ նշելով․

«Հրապարակեք այսօրվա վիճակով արդեն իսկ ճշտված այն թվական տվյալները, թե քանի՞ զոհված ունենք մենք, քանի՞ վիրավորվածներ ունենք և նրանցից քանի՞սն են ծանր վիրավորում ստացածները և քանի՞ ընտանիքիներ և քաղաքացիներ են մնացել անտուն»։

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց․

«Նախ շեշտեմ, որ զոհերի վերաբերյալ այն թվերը, որոնք շրջանառվում են տարբեր շրջանակների կողմից, չեն համապատասխանում իրականությանը, չափազանցված են։ Այս պահի դրությամբ մենք ունենք դուրս բերված 3439 մարմին, որոնցից դեռևս նույնականացված չեն 766-ը, այսինքն, ԴՆԹ նույնականացման փուլում են, և այս նույնականացման գործընթացում մենք ավելի հստակ ունենում ենք տվյալներ, և վերջնական ցուցակը հրապարակվելու է։ Կան նաև անհետ կորածներ, բայց ես հիմա կոնկրետ թիվ չեմ ուզում հնչեցնել ո՛չ զոհերի հետ կապված, ո՛չ անհետ կորածների, որովհետև այդ վերջնական թիվը երբ ունենանք, վերջնական, ամբողջական զեկույցով կներկայացվի Պաշտպանության նախարարության կողմից։ Ես ուղղակի ուզում եմ շեշտել, որ կարգը մոտավորապես հասկանալի լինի, զոհերի թիվը 4000-ը չի անցնելու»։

Իսկ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների բնակիչների թիվը, փոխվարչապետի խոսքով, մոտավորապես 28-30 հազար է, որոնց համար կառավարությունը որոշակի ծրագրեր արդեն իսկ իրականացրել է։ Իսկ անդամահատումների խնդիր ունեցող զինծառայողները այս պահի դրությամբ չեն գերազանցում 150 անձը։