Նիկոլ Փաշինյանը որոշել է ստեղծել ներքին գործերի նախարարություն: Նման նախաձեռնությամբ ժամանակին հանդես էր եկել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը դեմ էր արտահայտվել վերջինիս նման ցանկությանը: Այսօր ոստիկանություն որպես առանձին կառույց, ցավոք, չկա, և Նիկոլ Փաշինյանի համար որևէ դժվարություն չի ներկայացնի իրագործել այդ սցենարը: Նպատակն էլ պարզ է՝ ուժայինների օգնությամբ սեփական իշխանության ապահովագրումը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել՝ առաջարկելով «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անել եւ ԱԺ նախագահին լիազորել՝ Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորին զրկել «Աժ-ի կողմից գործուղման մեկնելու հնարավորությունից՝ մինչեւ 1 տարով»:

ԱԺ նախագահը Էթիկայի հանձնաժողովի եզրակացության հիման վրա կարող է կիրառել նաեւ այլ կարգապահական միջոցներ՝ նկատողություն, նիստերին խոսափողից հանդես գալու կամ դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչեւ 7 օրով զրկում։ Ուշագրավ լրացումներից մեկն էլ այն է, որ Էթիկայի հանձնաժողովը կարող է ոչ միայն որեւէ դիմումի, այլեւ «սեփական նախաձեռնությամբ» քննության առնել պատգամավորների վարքը: Նմանատիպ օրենսդրական նախաձեռնությունները պարբերաբար ներկայացվում էին ԱԺ-ում նաև ՀՀԿ-ի օրոք, սակայն ընդդիմության, մասնավորապես' նույն Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների ջանքերով նմանատիպ նախաձեռնությունները հաջողությամբ չէին պսակվում, ինչը չես ասի մեր օրերի մասին:

Մեկ այլ նախաձեռնությամբ էլ Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները որոշել են կրճատել ամանօրյա արձակուրդները' հանգստյան օրերի թիվը հասցնելով 3-ի: Նմանատիպ նախաձեռնությամբ հանդես էր եկել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն վերջինիս նոու-հաուն հեղափոխությունը կիսատ թողեց: Այսօր այդ կիսատ թողածը որոշել են շարունակեն Կարապետյանին և այսպես կոչված' նախկիններին մերժած հեղափոխականները:

Հետաքրքիր է' իսկ ո՞րն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները օրակարգ են բերում մերժվածների օրոք ի հայտ եկած օրենսդրական նախագծերն ու գաղափարները: Սեփական քաղաքական ֆանտազիա՞ն է սպառվել, թե նախկինում այդ ծրագրերին պոպուլիզմի ոգուն համապատասխան դեմ դուրս եկածները այսօր իրենց համար քաղաքական նպատակահարմարություն են տեսնում՝ դրանք կյանքի կոչելու հարցում…