Մամուլում այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում շրջանառվում է Սահմանադրության փոփոխությունների մի նախագիծ, որի ընդունվելու պարագայում Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել:
Փոփոխության բնույթը Սահմանադրության 92-րդ հոդվածում այնպիսի լրացում կատարելն է, որի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է նաև Ազգային ժողովի առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ Ազգային ժողովի արձակվելու դեպքում: Առաջարկվում է նաև ամրագրել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո (գործող կարգավորման մեջ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն, եւ ոչ ուշ քան քառասունհինգ օր հետո): Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական արտահերթ ընտրություն նշանակվում է միայն այն դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո 2 անգամ 7-օրյա ժամկետում Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ չի ընտրում նոր վարչապետ:
Ինչպես երևում է' Նիկոլ Փաշինյանի վախերը բավական առարկայական են, վերջինս փորձում է ընտրություններին ընդառաջ ապահովագրել իրեն բոլոր տեսակի ֆորս-մաժորներից, որոնք կարող են պատահել, եթե վերջինս հրաժարական տա և հույսը դնի այն բանի վրա, որ ԱԺ-ն երկու անգամ վարչապետ չի ընտրի: Դա իսկապես քիչ հավանական է, քանի որ առաջադրվողներ անշուշտ կլինեն: Փաշինյանը, ըստ էության, չի վստահում նաև սեփական խմբակցությանը' ենթադրելով, որ իր հրաժարականից հետո կլինեն իմքայլականներ, ովքեր կողմ կքվեարկեն այլ թեկնածուին՝ իրեն թողնելով խաղից դուրս: Հենց այս ռիսկը զրոյի հասցնելու նպատակով էլ Փաշինյանը նախաձեռնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչպես տեսնում ենք' այդ փոփոխությունները կրկին կատարվում են ընտրողաբար: Փաշինյանը, ով հեղափոխության օրերին խոստանում էր փոխել Սերժ Սարգսյանի հագով կարած սահմանադրությունը, հեղափոխությունից հետո փոխում է միայն այն հոդվածները, որոնք ձեռնտու չեն իրեն և իր թիմին:
Կա ևս մեկ ուշագրավ հարց՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծը անցկացնելու համար Փաշինյանին անհրաժեշտ է 88 ձայն, որոնք այս պահին նա չունի, քանի որ 5 պատգամավոր վերջին շրջանում լքել են խմբակցությունը: Հետաքրքիր է՝ Փաշինյանը այդքան վստա՞հ է, որ նախկին գործընկերները կողմ կքվեարկեն վերը նշված փոփոխություններին, թե նա դիմելու է ընդդիմադիր քաղաքական ուժերին, օրինակ՝ «Լուսավոր Հայաստանին»: Այս դեպքում էլ հասկանալի չէ, թե վարչապետի թեկնածու առաջադրվել պատրաստվող Մարուքյանին որքանով է ձեռնտու խաղարկել Փաշինյանի այդ պարտիան...