Հեղափոխությունից հետո, երբ պայթեց դիվանագիտական անձնագրերի հետ կապված սկանդալը, Հայաստանի նոր իշխանությունների առաջին քայլերից մեկը եղավ 254 քաղաքացու դիվանագիտական անձնագրերի չեղարկումը։ Բոլոր երկրների դիվանագիտական ծառայություններին եւ սահմանային անցակետերին գրություններ ուղարկվեցին, որ նախկին դիվանագիտական անձնագրերը չեղյալ են համարվել։ Ամենացավալին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի անձնագիրը չեղարկելու որոշումն էր, որին հանրությունը դրական չվերաբերվեց:

Հետաքրքիր է, թե հեղափոխությունից հետո քանի դիվանագիտական անձնագիր է բաժանվել Հայաստանում: Հիշեցնենք, որ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն՝ դիվանագիտական անձնագիր տրվում է մի քանի խումբ կատեգորիաների, ոմանց՝ ի պաշտոնե եւ ոմանց՝ ՀՀ վարչապետի անհատական թույլտվությամբ։ Ո՞ւմ է ի պաշտոնե տրվում դիվանագիտական անձնագիր' հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին եւ նրանց ընտանիքների անդամներին, հանրապետության պաշտոնաթող նախագահներին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Սահմանադրական դատարանի դատավորներին, կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին (ասենք՝ Հանրային խորհուրդ, Հաշվեքննիչ պալատ, հակակոռուպցիոն հանձնաժողով եւ այլն), իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին․ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին, արտգործնախարարությունում եւ դրան ենթակա մարմիններում պաշտոն զբաղեցնող անձանց՝ ծառայողական գործուղումների նպատակով, դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներին՝ ամուսնուն եւ մինչեւ 21 տարեկան չամուսնացած ու խնամքի տակ գտնվող երեխաներին։

Փաստորեն, միայն այս երկարաշունչ ցանկը տեսականորեն նկատի առնելով ու գումարելով 19 անձանց, որոնց դիվանագիտական անձնագիր տրվել է Փաշինյանի կողմից' պարզագույն մաթեմատիկան ասում է, որ հիմա Հայաստանում ավելի շատ դիվանագիտական անձնագրեր կան, քան նախկինում։ Այսպես' Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից, վարչապետ՝ 1, ՀՀ նախագահ՝ 1, պաշտոնաթող նախագահներ՝ 3, Ամենայն հայոց կաթողիկոս՝ 1, ՍԴ դատավորներ՝ 8, նախարարներ՝ 12, մարզպետներ եւ քաղաքապետ՝ 10, Անվտանգության խորհրդի անդամներ՝ 10, վճռաբեկ դատարանի նախագահ՝ 1, գլխավոր դատախազ՝ 1, ԿԲ նախագահ՝ 1, սփյուռքի հանձնակատարը՝ որպես Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմնի ղեկավար։ Ու երբ վերը նշված ցանկին գումարում ենք 19 թիվը (վարչապետի տրամադրած անձնագրերի), ապա ստացվում է ավելի մեծ թիվ՝ մոտ 200-ն էլ ընտանիքի անդամներն են։ Այսինքն՝ ամենահամեստ հաշվարկներով ստացվում է 500-600 դիվանագիտական անձնագիր։

Ստացվում է՝ անգամ այս հարցում Նիկոլ Փաշինյանը հաջողացրել է խփել Սերժ Սարգսյանի ռեկորդները և հետհեղափոխական Հայաստանում ավելի շատ դիվանագիտական անձնագիր է բաժանվել, քան նախկինում էր: Մինչդեռ հիշում ենք, թե ինչպես էին ժամանակին ընդդիմադիրները դատափետում իշխանություններին նման պրակտիկայի համար: Այսօր տեղի է ունենում նույնը, սակայն ավելի մեծ ծավալներով: Նմանատիպ իրավիճակ էր նաև կառավարության ծառայողական մեքենաների թվի կրճատման հետ, երբ հեղափոխությունից հետո դրանց թիվը ձևականորեն կրճատվեց, իսկ այնուհետև Փաշինյանի թիմակիցներին բաժանվեց կրկնակի ավել թվով ծառայողական ավտոմեքենա: