Այսօր համացանցում տեղեկություն տարածվեց այն մասին, որն Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, որը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինն է, աշխատանքից ազատման դիմում է գրել: Տեղեկությունը ճշտելու նպատակով Լուրեր.com-ը կապ հաստատեց Նարեկ Բաբայանի հետ, որը հաստատեց այն. «Այո՛, ես աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել, որի մասին հայտնել եմ նաև իմ Ֆեյսբուքյան էջում»,- նշեց նա:
Նարեկ Բաբայանի աշխատանքից ազատման դիմում գրելոեւ հետ մեկտեղ շրջանառվում էր նաև տեղեկություն այն մասին, որ նման որոշման պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շատ լարված հարաբերություններն են, մասնավորապես՝ Պապիկյանը Բաբայանին արգելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ ուղիղ շփումներ ունենալ, և Բաբայանը այդ անելանելի իրավիճակից լուծումը տեսել է դիմում գրելն ու հեռանալը։
Անդրադառնալով այդ տեղեկությանը՝ Նարեկ Բաբայանն ասաց. «Դա հորինվածք է և ցնդաբանություն: Իմ աշխատանքից դուրս գալու պատճառը ներքին աշխատանքային հարց է, որը մեկնաբանման կարիք չունի»,- ընդգծեց նա:
Մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեցինք նաև Սուրեն Պապիկյանի խոսնակի հետ, ով նշեց. «Նման բան չկա, Բաբայանը իր դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից, ավել բան չկա մեկնաբանելու»:
Զվարթ Պետրոսյան