Պատերազմի հետևանքով  Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի   140 տուն մնացել է  հակառակորդի վերահսկողության ներքո: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը՝ հավելելով, որ պատերազմի հետևանքով անօթևան է մնացել   520 թաղավարդցի:

«Նրանց մեծ մասը վերահաստատվել են Արցախի տարբեր բնակավայրերում, իսկ 20 ընտանիք՝ Հայաստանի Հանրապետությունում:  Թաղավարդի այն հատվածում, որը մնացել է  Արցախի վերահսկողության ներքո մոտ 149 տուն է մնացել: Դրանք գրեթե բոլորը վնասվել են հրետակոծությունների հետևանքով, իսկ 5 տուն ավերվել է հիմնովին:  Թաղավարդի այս հատվածի բնակիչները՝ գրեթե բոլորը՝  մոտ  90 տոկոսը,  վերադարձել են իրենց օջախներ: Թշնամու տիրապետության տակ է անցել գյուղի դպրոցներից մեկը: Մյուսում, որը գտնվում է  գյուղի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածում, արդեն 140 աշակերտ  է հաճախում՝ Կարմիր շուկայից ու Թաղավարդից: Ադրբեջանական վերահսկողության ներքո են անցել նաև Թաղավարդի գյուղատնտեսական նշանակության հողերի՝ պտղատու այգիների ու արոտավայրերի,   մոտ 70 տոկոսը: Այժմ ունենք մոտ 120 հեկտար վարելահող, որտեղ գյուղացիները աշնանացան են կատարել և նախապատրաստվում են գարնանացանի: Թշնամու կողմում են մնացել նաև գյուղի՝ 18-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, դպրոցական շենքերից մեկն ու գերեզմանոցը»,-մանրամասնեց Թաղավարդի համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ մինչև պատերազմը գյուղն ուներ 289 տուն՝  1314  բնակչով: