Օր օրի ավելանում է իմքայլական այն պատգամավորների թիվը, որոնց հրաժարականն է պահանջում հասարակությունը: Այսօր նրանց թիվը համալրվեց ևս մեկով՝ իմքայլական պատգամավոր Անուշ Բեղլոյանով: Նա հասարակության «դավաճան» անվանը «արժանացավ»՝ «Կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է Արցախը. պետք է առաջ նայենք» արտահայտությամբ: Իսկ այսօր արդեն ժողովուրդը ԱԺ-ի դիմաց պահանջում է, որ նա վայր դնի պատգամավորական մանդատը: Անուշ Բեղլոյանը չթողնելով, որ հանդարտվի իր անվան շուրջ ծավալվող բուռն քննարկումների ալիքը, այսօր էլ լրագրողների հետ ճեպազրույցում Շուշին անվանեց Շուշա:
ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Անուշ Բեղլոյանի հետ՝ պարզելու, թե նման իրավիճակում արդյոք շարունակելու է իր գործունեությունը ծավալել, թե, այնուամենայնիվ, մտածում է մանդատը վայր դնելու մասին. « Ես այդ ամենին շատ հանգիստ եմ վերաբերվում, դա նրանց քաղաքական տեխնոլոգիաների օգտագործման փայլուն օրինակն է, որը ես, որպես դասախոս, կօգտագործեմ իմ հետագա գործունեության մեջ: Ես իմ գործունեությունը իրականացնելու եմ ի շահ Հայաստանի Հանրապետության, իմ ցանկացած իրական հայտարարության համար ես պատասխանատու եմ. որևէ մեկը չի կարող ինձ համոզել, որ իմ սերը դեպի իմ հայրենիք իրական չէ, որովհետև ես աշխատում եմ և ապրում եմ իմ հայրենիքի համար»:
Իսկ մեր այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ վերջին շրջանում մի շարք իմքայլական պատգամավորներ Շուշին հաճախ են շփոթում Շուշայի հետ, պատգամավորը պատասխանեց՝ ընգծելով, որ կխոսի միայն իր անունից. «Ես ասացի Շուշա, հետո անմիջապես ինձ ուղղեցի՝ ասելով Շուշի: Ես ապրել եմ Բաքվից եկածների ընտանիքում և ես սովետական անվանումը մանկությունից լսել եմ և իհարկե, ես մեկ-մեկ սխալվում եմ՝ ասելով Շուշա: Որպես քաղաքական գործիչ և պատգամավոր ինձ համար առաջնայինը Շուշին է, իսկ սովետական ժառանգության դեմ մենք մի ձև կպայքարենք, ես աշխատում եմ ինձ վրա»,- ընդգծեց պատգամավորը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Շուշին Շուշա անվանեց նաև իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Զվարթ Պետրոսյան