Իմքայլականները թո՛ղ ներկայացնեն, թե ինչ մեթոդաբանությամբ են չափել հասարակության լայն շերտի կարծիքը, և այն ժամանակ նոր կկարողանանք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության տարածած հաղորդագրությանը, այն է՝ հասարակության լայն շերտի շրջանակում չեն պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և նման պարագայում անհրաժեշտություն չկա անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Վերջինս նշեց, որ իմքայլական պատգամավորների հնչեցրած այն միտքը, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնելը կապված է այդ թեմայով ընդդիմության ոչ խանդավառ լինելու հետ, պատգամավորն ասաց. «Եթե իրենք, առհասարակ, մի կաթիլ հարգանք և սեր ունեն հասարակության նկատմամբ, ապա թո՛ղ արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու որոշումը ընդդիմության ցանկությունների հետ չկապեն: Այդ երբվանից է ընդդիմության ցանկությունը իշխանության համար եղել որևէ նշանակալից գործոն, երբևէ նման բան չի եղել»,- նշեց Անի Սամսոնյանը՝ չբացառելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում կարող է Նիկոլ Փաշինյանի տեղը զբաղեցնել մեկ այլ իմքայլական:
Մեր զրուցակիցը անդրադարձավ նաև փետրվարի 20-ին կայանալիք 17 կուսակցությունների հանրահավաքին, և որևէ դրական միտում չտեսավ այդտեղ. «Քաղաքական անկայունությունը երբեք դրական ազդեցություն չի ունեցել Հայաստանի համար, բայց դա չի նշանակում, որ մարդիկ իրավունք չունեն դուրս գալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը արտահայտելու»,- եզրափակեց պատգամավորը:
Զվարթ Պետրոսյան