Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ստացվել էին օպերատիվ տվյալներ ապօրինի որսի վերաբերյալ։ Տվյալներն իրացնելիս բաժնի ծառայողները համագործակցեցին մարզային ոստիկանության գործընկերների և «Վայոց ձորի անտառտնտեսության» աշխատակիցների հետ։ Միջոցառումների արդյունքում փետրվարի 4-ի երեկոյան, ապօրինի որս կատարելու կասկածանքով, Հերմոն գյուղից բերման ենթարկվեց Եղեգիս գյուղի բնակիչ, 25-ամյա մի տղամարդ՝ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի մեքենայով հանդերձ։ Քիչ ավելի ուշ նույն կասկածանքով Եղեգիս գյուղի «Սիրանույշ» ճամբարի մոտից բերման ենթարկվեց ևս երեք հոգի։ Նրանցից մեկի՝ նույն գյուղի 19-ամյա բնակչի ուսապարկից անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մորթած և մաշկած կենդանու մարմին, իսկ 23-ամյա երևանցու մոտ՝ մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Հրացանն օրինական էր, բայց նրանց արարքը՝ ոչ։
Բերման ենթարկվածները հայտնել են, որ մաշկազերծված կենդանին Բեզոարյան այծ է, որը ժամեր առաջ երևանցին որսացել է «Սիրանույշ» ճամբարին հարակից լեռան լանջին:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են այծի գլուխն ու մորթին։
Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է տարածքային քննչական մարմին։ Կատարվում է նախաքննություն։
Սակայն հարցն ունի և բարոյական կողմ․ իսկական որսորդը միշտ է պահում որսորդության բարոյական նորմերը։