Եթե ստացվի, մինչեւ տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները տրանսպորտային ցանցում շահագործումից կհանվեն, իսկ առաջիկա 3-6 ամիսներին կհանվեն 250 միկրոավտոբուսներ:
Այս մասին փետրվարի 9-ին Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա պարզաբանեց, որ այդ բացերը կլրացվեն նոր ավտոբուսներով՝ հիշեցնելով, որ 100 կոմպակտ ավտոբուսների մատակարարումները շարունակվում են:
Նրա խոսքով՝ այդ մատակարարումները պետք է ավարտվեն մարտի վերջին, այլապես տուգանքներ կդրվեն: «Այս գործընթացը պետք է ավարտվեր ավելի վաղ, բայց կորոնավիրուսը խանգարեց: Բացի արդեն պլանավորված գնումներից, առաջիկայում կներկայացվի 8,5 մետր երկարությամբ եւս 135 ավտոբուսի գնման հայտ»,- ասաց նա: