Հունան Մանվելյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Նա ծնվել էր 2000 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում. «Մեկ տարի ապրել ենք Երևանում, որից հետո տեղափոխվել ենք Արցախ, քանի որ Հունանի մեծ եղբյարը ծառայում էր Արցախում, նրան մոտ լինելու համար մենք ևս տեղափոխվեցինք Արցախ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված Հունան Մանվելյանի մայրը՝ Տիգրանուհի Մանվելյանը:
Հերոսը ազատ ժամանակ սիրում էր զբաղվել սպորտով․ նա ըմբշամարտիկ էր: Սպորտի աշխարհում Հունանը հասցրել է ստանալ բազմաթիվ պատվավոր տեղերի մեդալներ և պատվոգրեր: Նա Շատ հաճախ նաև երգում էր. « Շատ ջիգյարով երեխա էր, հանգիստ, մարդամոտ: Տղաս բնավորության ամենալավ հատկանիշներով էր օժտված»,- ասաց Տիգրանուհի Մանվելյանը:
Հունանի համար ևս եկավ այն օրը, երբ պետք է գնար ծառայության՝ հայրենիքը պաշտպանելու: Նա 2018 թվականի օգոստոսի 11-ին զորակոչվեց բանակ. «Ուրախ էր բանակ զորակոչվելիս, բայց ներսում զգում էր մի բան: Ասում էր՝ մա՛մ ջան, ես երբ գնամ բանակ, երևի արդեն պատերազմ կլինի»,- խորը ցավով նշեց մեր զրուցակիցը:
Պատերազմի ընթացքում Տիգրանուհուն, ցավոք սրտի, բախտ չի վիճակվում անընդմեջ կապի մեջ լինել իր՝ պատերզմող որդու հետ: Նրան հաջողվում է Հունանի հետ խոսել ընդամենը մեկ անգամ և այն էլ՝ պատերազմի առաջին օրը միայն. « Առավոտյան տրամադրությունը շատ լավ էր, ասաց՝ մա՛մ ջան, ոնց եք՞, մինչև ես կհարցնեի, թե՝ դո՛ւ ասա, տղա՛ս, դու պատմի, հեռախոսազանգը ընդհատվեց ու էդ եղավ մեր վերջին հեռախոսազրույցը»,- սրտի կսկիծով ասաց հերոսածին մայրը:
Մանվելյանների ընտանիքին միայն հայտնել են, որ Հունանը զոհվել է հրամանատարի կյանքը փրկելիս: Նրանք անգամ չգիտեն, թե որդու հետ այդ ցավալի դեպքը երբ է տեղի ունեցել. « Հոկտեմբերի 27-ին նոր արդեն զոհվածների ցուցակում գրվել է տղայիս անունը: Մոտ մեկ շաբաթ առաջ մի դիակ են գտել, որը ԴՆԿ-ով համապատասխանում է Հունանիս, բայց ես կասկածներ ունեմ, որ իմ Հունանը չէ, ես նորից ասել եմ որ ԴՆԿ անեն»,- նշեց Հունանի մայրը:
Մայրը ունի կասկածներ, որ իր որդին ողջ է, միայն թե գերության մեջ է: Այդ միտքը սփոփում է նրան առաջ նայել. «Տեսանյութեր կան, ճիշտ է, թիկունքով եմ տեսել, բայց նման էր Հունանիս, ինձ թվում ա՝ ինքը գերության մեջ ա: Եվ հետո, քանի որ չեմ տեսել Հունանին, մի քիչ դժվար ա հավատալը, որ Հունանի դին ա: Եղբայրը, որ գնացել է դիակը ճանաչելու, ասել է՝ անճանաչելի է եղել»,- մեծ ցավով ասաց Տիգրանուհի Մանվելյանը:
Զվարթ Պետրոսյան