այաստանի խորհրդարանում, հիրավի, պատմական իրադարձություն է տեղի ունեցել. 7-րդ գումարման ԱԺ-ում առաջին անգամ ընդունվել է ընդդիմության առաջ քաշած օրենքի նախագիծը: Շուրջ երեք տարվա ընթացքում ընդդիմության հանդեպ նման վերաբերմունքն էլ ավելի տարակուսելի է` հաշվի առնելով, թե ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ինչպես էր գործող իշխանություններից պահանջում ընդլայնել ընդդիմության գործիքակազմը:
Դեռևս 2017 թվականին, ելույթ ունենալով ԱԺ-ում և սովորականի պես քննադատելով ՀՀԿ ներկայացրած հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին նախագիծը, Փաշինյանը նշում էր. «Այս իրավիճակում կա՛մ պետք է որոշակի արտոնություն ունենա ընդդիմությունը, կա՛մ էլ սա պետք է լինի ոչ թե կոլեգիալ մարմին, այլ Գլխավոր դատախազության նման ղեկավար այդ հանձնաժողովին, որի թեկնածությունն առաջարկելու իրավունք պետք է ունենա ընդդիմությունը»: Փաշինյանը նաև պահանջում էր ընդդիմությանը տալ Պետական վերահսկողական ծառայությունը՝ իշխանությունների ներկայացրած բյուջեի և դրա կատարողականի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: Ավելին՝ ընդդիմադիր Փաշինյանը պնդում էր, որ Դատախազությունում և Ներքին գործերի նախարարությունում ընդդիմությունը նույնպես պետք է ներկայացված լինի, այն էլ՝ ղեկավար մարմիններում: Այսինքն՝ ընդդիմադիր Փաշինյանը կոչ էր անում ավելի մեծ լիազորություններով օժտել ընդդիմությանը, ինչը, թերևս, տրամաբանական է:
Նաև հիշում ենք, թե ինչ կատաղի պայքար էր մղում Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովներում, և հատկապես ղեկավար պոստերում ընդդիմության քվոտան և վերահսկողական գործառույթները ավելացնելու համար: Ինչպես էր ԱԺ ամբիոնից պահանջում և հորդորում, որպեսզի Վերահսկիչ պալատում ընդդիմությանը հավելյալ լծակներ տրվեն: Դա էլ է տրամաբանական, չէ՞ որ մենք խոսում ենք ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մասին:
Բացի այդ, ընդդիմադիր Փաշինյանը խոստանում էր իշխանության գալու դեպքում վերացնել Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական համակարգը և իշխանությունը բաշխել այնպես, որ նաև ընդդիմությունը ունենա քաղաքական համակարգում իր ասելիքը և անելիքը: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք, որ քաղաքական համակարգի բուրգի գագաթին հայտնված Փաշինյանը չի շտապում կատարել ժամանակին իր իսկ ներկայացրած պահանջները: Պարբերաբար նոր իշխանությունների ժողովրդավարական նկրտումների մասին լայվերով հայտնելը չենք հաշվում..
Այս ամենը վարչապետ Փաշինյանը մոռացության մատնեց, և այսօր ընդդիմության առաջ քաշած օրենքների նախագծերը 99 տոկոսը մերժվում է քաղաքական մեծամասնության կողմից: Մերժվել է նաև էթիկայի հանձնաժողով ստեղծելու 11-ից ավել առաջարկ: Մերժվել է քննիչ հանձնաժողովներ ստեղծելու 5 առաջարկ: Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հեղափոխությունից հետո Նոր Հայաստանում ընդդիմության մանեվրելու դաշտը զգալիորեն նեղացել է, իսկ քաղաքական պրոցեսների վրա ազդելու գործիքակազմը՝ հասցվել նվազագույնի...