Այս պահին Սյունիքում վտանգ կա. ամեն վայրկյանն էլ վտանգավոր է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բեկ համայնքի համայնքապետ Բենիամին Պողոսյանը:
Ըստ համայնքապետի՝ գյուղում ապրելն այնքան վտանգավոր է դարձել, որ այնտեղի բնակիչները լքում են իրենց ծննդավայրերը՝ կյանքը «ապահովագրելու» հույսով. «Արդեն 6-7 ընտանիք գյուղից դուրս է եկել։ Գյուղը լքած բնակիչների թիվը դեռ կկրկնապատկվի, կեռապատկվի, քանի որ մեր արատովայրերը, վարելահողերը ամբողջությամբ գտնվում են այն տարածքներում, որոնք հիմա ադրբեջանական կողմում են: Իսկ հիմա գյուղը լքողների թիվն այդքան քիչ է, քանի որ բնակիչները դեռ հարմարվում են: Այս պահին ձմեռ է, ձմռանը անասունները գոմում են, իսկ գարնանը խնդիր կառաջանա, արոտավայրի խնդիր ունենք, ինչի հետևանքով էլ բնակչությունը կլքի գյուղը»,- ասաց Դավիթ Բեկի համայնքապետը:
Հիշեցնենք, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը և թե՛ Տիգրան Ավինյանը հասարակությանը պարբերաբար հանգստացնում էին՝ ասելով՝ Սյունիքն անվտանգ է:
Մասնավորապես, դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազարույցում ասաց. «Այն միջոցները, որոնք ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Եվ ես նախկինում ասել եմ, որ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Ընդ որում, ես սրա մասին նախապես եմ ասել, իմ ուղերձներում ես սրա մասին նախապես եմ ասել։ Ո՞րն է այդ ձեռնարկված միջոցների էությունը՝ այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը:
Իսկ Տիգրան Ավինյանն էլ Սյունքի «անվտանգ» լինելու մասին խոսեց հունվարի 20-ին: Նա ամբիոնից հաստատակամորեն ասաց՝ Սյունիքն անվտանգ է:
Ստացվում է` թեև իշխանության ներկայացուցիչները պնդում են Սյունիքի ապահով և անվտանգ լինելու մասին, այնտեղի բնաչությունը դիմում է փախուստի:
Զվարթ Պետրոսյան