Հայաստանում մի շարք համայնքապետերի, ավագանիների լիազորություններն ավարտվել են, իսկ նոր ընտրություններ արտակարգ, ապա եւ ռազմական դրության պայմաններում չեն անցկացվում։ Կառավարություն, իսկ ավելի հստակ՝ տարածքային կառավարման նախարարությունը՝ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, հերթական հակասահմանադրական նախաձեռնությամբ է հանդես եկել՝ շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկում է երկարաձգել լիազորությունների ժամկետը լրացած ավագանիների լիազորությունը մինչեւ նորընտիր ավագանու ձեւավորումը։
Սակայն, նույնը չի նախատեսվում համայնքների ղեկավարների պարագայում։ Ճիշտ հակառակը՝ կառավարությունը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակում, ինչը խտրական վերաբերմունք է ընտրված համայնքապետերի նկատմամբ։ Ակնհայտ է, որ քրեական գործեր հարուցելով՝ չկարողացան ազատվել անցանկալի համայնքապետերից, այժմ կփորձեն օգտվել ռազմական եւ արտակարգ դրության ռեժիմներից. ահա ևս մեկ բացատրություն այն տրամաբանական հարցին, թե ինչու Հայաստանում մինչ օրս չի վերացվում ոչ արտակարգ, ոչ էլ ռազմական ռեժիմը, չնայած թշնամի երկրում ռազմական դրությունը վերացվեց անմիջապես պատերազմի ավարտից հետո։ Այն համայնքապետերը, որոնց պաշտոնավարման ժամկետները կլրանան, կփոխարինվեն իշխանության սրտի թեկնածուներով, որոնք հետագայում ոտքները կպնդացնեն ու կընտրվեն այդ պաշտոնում: Իսկ թե հետագայում ինչպիսի սցենար է նախատեսված՝ դժվար չէ կռահել: Իշխանության ներկայացուցիչները անպայման սեփական հետաքննություններն ու աուդիտները կանցկացնեն՝ վեր հանելու նախկինների թալանը և կոռուպցիան և կասկած անգամ չկա, որ այդ գործում կհաջողեն՝ ստեղծելով հիմք վերջապես հասնել անցանկալի համայնքապետերի կալանավորմանը:
Դրան զուգահեռ` Պապիկյանի նախարարությունը այլ քայլերի էլ է դիմել: Մասնավորապես, տարեվերջին կառավարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է համայնքների խոշորացում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի մարզերում: 186 համայնքից որոշել են ստանալ 11-ը։ Խնդիրն այն է, որ նախագիծը հանրային քննարկման է դրվել ռազմական դրության պայմաններում, ավելին՝ վերջնաժամկետ են սահմանել խոշորացման այս փուլն ավարտել մարտ-ապրիլ ամիսներին։ ՀՀ Սահմանադրությամբ եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքով ռազմական դրության ժամանակ արգելվում է հանրաքվե անցկացնելը: Բայց խոշորացումն իշխանության համար հրատապ է, որ հասցնեն անցանկալի համայնքապետերից ազատվել եւ խոշորացումից հետո նոր ընտրություններ անցկացնել՝ ունենալով նաև վարչական լծակներ, առանց որի, հասկանալի է, ՔՊ-ականները զրոյական շանսեր ունեն մարզերում տասնյակ տարիներ աշխատած և տեղի բնակչության մոտ ընդունված և հարգված համայնքապետերի համեմատ…