Ադրբեջանը շատ անգամ է ապացուցել, որ պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը՝ ամեն անգամ համաձայնության հասնելու վերջին պահին հանդես գալով նոր նախապայմաններով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2018-ին ԼՂ խնդիրը լուծելու ի՞նչ հնարավորություններ են եղել:
«Տարբեր շրջաններում եղել են հույսի ժամանակաշրջաններ, երբ բոլորիս, համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և հարցը բանակցային եղանակով լուծելուն: Մեղքը կարծում եմ՝ ոչ համանախագահներինն է, ոչ էլ Հայաստանինը: Շատ անգամ, կարող եմ վկայակոչել Կազանի գործընթացը, վերջին վայրկյանին Ադրբեջանն առաջ է քաշել նոր նախապայմաններ, ինչը վկայում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը և երկար ժամանակ պատրաստվում էր ռազմական լուծման»,-ասաց Այվազյանը:
Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ արգելվել է փրկարարներին որոնողական աշխատանքներ իրականացնել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայերում՝ ԱԳ նախարարն ասաց, որ բացատրությունը պայմանավորված է կլիմայական վատ պայմաններով: «Վստահ եմ, որ մոտ օրերս անպայման եղանակի բարելավման արդյունքում նորից կսկսվեն այդ աշխատանքները»,-ասաց Այվազյանն ու հավելեց, որ իսկապես կլիմայական պայմանները շատ վատ էին: