Փետրվարի 20-ից մեկնարկել է «Հայրենիքի փրկության» շարժման անհնազանդության բողոքի ակցիաները: Բողոքի անհնազանդության ակցիաներ համակարգողները նշում են, որ այդ գործընթացները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռին Նիկոլ Փաշինյանն է:
Երեկ էլ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում, անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին, ասաց, որ եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։
Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ, որն, ի պատասխան Անդրանիկ Քոչարյանի հայտարարության, ասաց. «Ինչու այդ նույն անձը ինքն իրեն չի կրակել, երբ իրենք էին շենքերը վերցնում: Իսկ եթե լուրջ, ապա իշխանությունը աթոռը կորցնելու վախ ունի և այդ վախից իր գլուխն է կորցրել: Այն, ինչ որ ասում է Անդրանիկ Քոչարյանը, չի վերաբերում այնպիսի դեպքերի, երբ շենքեր մուտք գործելը արվում է ոչ բռնի կերպով»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:
Նա այն կարծիքին է, որ դա հասարակությանը տված իշխանության դասերից մեկն է. «Այսինքն՝ պետական նշանակության շենքեր մուտք գործելը՝ զենքով չի արվում: Եթե դա արվում է խաղաղ ձևով, ապա պետության պատկան մարմնի կողմից կրակոցը կդիտարկվի որպես իրենց լիազորությունների չարաշահում: Նրանք այդ հայտարարությամբ, պարզապես, ուզում են ինքնապաշտպանվել»,- ասաց իրավապաշտպանը:
Վերջինս առաջ քաշեց «Մարդու իրավունքների հռչակագիրը», որի նախաբանը ասում է՝ իշխանությունները պարտավոր են հարգել մարդու իրավունքները այն բանի համար, որ մարդը ստիպված չլինի, որպես վերջին միջոց դիմի ապստամբության. «Այդ թեզը հասարակությանը չի ասում, թե գնա զինված բախման, ասեմ ավելին՝ ապստաբությունը որոշ պետությունների սահմանադրական օրենքներով, անգամ, ժողովրդի իրավունքն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը՝ ընդգծելով, որ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, ըստ իրեն, կապված է Վազգեն Մանուկյանի այն հայտարարության հետ, որում ասվում է՝ իշխանությունը պատրաստ լինի կայծակնային քայլերի. «Այստեղ որևէ բռնության կոչ չկա. այսինքն՝ եթե չհարգեն մարդու իրավունքները, ապա ժողովուրդը ստիպված կլինի, որպես ելքի միջոց, գնա ապստամբության: Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը սպառնալիք է բողոքի ակցիա իրականացնող անձանց նկատմամբ և չի բացառվում, որ իշխանությունը իրականացնի այնպիսի սադրանքներ, որը կդիտարկվի որպես զինյալ ապստամբություն և, ի պատասխան դրան, իրենց կողմից կհնչի կրակոց՝ հասարակության դեմ»,- ասաց իրավապաշտպանը:
Նա հորդորեց, որ ընդդիմադիր թևը, որը բողոքի ակցիաներ է իրականացնում հնարավորինս զգույշ լինի և ոչ միայն գրագետ պահանջները դնի, այլև զգոն լինի, որ իշխանության կողմից սադրանքներ չլինեն:
Լարիսա Ալավերդյանն այն կարծիքին է, որ անհնազանդության բողոքի ակցիաները անհրաժեշտ միջոցներ են իրենց բողոքը իշխանությանը հասցնելու համար. «Դրանք իրապես անհրաժեշտ քայլեր են նրա համար, որ այդքան դժվար հասկացող իշխանությունը, որը կենտրոնացնում է թուրք-ադրբեջանական քաղաքականություն, վերջապես հասկանա, որ ժողովուրդը ունի բողոքի ձայն և պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- եզարափակեց իրավապաշտպանը:
Զվարթ Պետրոսյան