Այդպիսի բան չի կարող լինել, ինչ է նշանակում՝ «Իսկանդերը» պայթել է, բայց 10 տոկոսով. դա անհեթեթություն է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որում ասվում է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է, որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»:
Նա ասաց, որ սխալ է նաև այն, որ խոսակցություններ են պտտվում «Իսկանդերի»՝ պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրում կրակելու մասին. ««Իսկանդերը», առհասարակ, պետք է պատերազմի ավելի ուշ շրջանում օգտագործվի, այլ ոչ թե 3-րդ կամ 4-րդ օրը: Ես ավելի վաղ հայտնել էի, որ այն պետք է կիրառվեր Ադրբեջանի կարևոր ենթակառուցվածքների ուղղությամբ, որովհետև դա կենսական պատերազմ էր՝ կենսագոյության, և այստեղ բոլոր միջոցները թույլատրելի էին: «Իսկանդերը» պետք է կրակեր, քանի որ քո տեսակն ու երկիրը ցանկանում էին ոչնչացնել, և դու կանգնած էիր ցեղասպանության վտանգի առաջ, սակայն, ցավոք, այդ ժամանակ էլ Ադրբեջանի կարևոր թիրախների ուղղությամբ «Իսկանդերի» կիրառում չեղավ»,- ընդգծեց ռազմական փորձագետը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հնարավոր է «Իսկանդերը» պայթել է, բայց 10 տոկոսով, Արթուր Եղիազարյանը պատասխանեց. «Նա չի տիրապետում ինֆորմացիային, առաջինը, սկսեմ նրանից, որ «Իսկանդերի» նախագծումը սկսվել է 1996 թվականից և 2006 թվականին առաջին անգամ «Իսկանդերը» ստեղծվեց, իսկ արդեն 2013 թվականից Հայաստանը՝ պայմանագրի հիման վրա այն ձեռք բերեց»,- նշեց նա՝ հավելելով, որ այդ անհեթեթ պոպուլիստական հայտարարությունն, արդեն ամոթալի է.
«Եթե ուզում եք իմանալ, ապա հենց Արցախյան երկրորդ պատերազմում լավագույն աշխատած միջոցները 80-ականների զենքներն են, այն հրանոթները, որոնք ավելի վաղ արտադրության էին, եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա պետք է մենք ավտոմատներից էլ հրաժարվեինք, որովհետև «Կալաշնիկով» ավտոմատները 1943 թվականի են, հետո ի՞նչ... Երբ մարդիկ, կազմակերպչական խնդիրներ են ունենում, չեն կարողանում ստեղծված իրավիճակում ճիշտ կազմակերպվել, ապա սկսում են տարբեր պատրվակներ առաջ քաշել և հայտնվում են ծիծաղելի իրավիճակում, քանի որ գործին չեն տիրապետում»,- ասաց Արթուր Եղիազարյանը:
Նա կարևորեց նաև, նախքան նմանատիպ հայտարարություններ անելը մտածել դրա հետևանքների մասին, իսկ հետևանքները, ինչպես նշեց ռազմական փորձագետը, կարող են ցավոտ լինել. «Երբ այդպիսի խոսքեր հնչում են երկրի բարձրագույն իշխանության շուրթերից, ապա պետք է մտածել նաև դրա հետևանքների մասին: Տեսականորեն, ենթադրենք, թե ինքը ճիշտ է, բայց նման հարցերը փակ շրջանակում են արտահայտում, այլ ոչ թե հանրության համար»,- նշեց մեր զրուցակիցը:
Վերջինս ասաց, որ պետք չէ մոռանալ, որ Իսկանդերը մշակում են միջազգային ասպարեզում, իսկ զինամթերքի վերաբերյալ ,որևէ բացասական բան ասելով, հարցականի տակ է դրվում դրա վարկանիշը. «Դու իսկանդերի՝ ռուսական սպառազինության վարկանիշի հետ ես խաղում, որը մերը ռազմավարական դաշնակիցն է և ամենանեղ պահին հենց նրա աջակցության կարիքն ենք մենք ունենում և ստանում: Կարծում եմ, որ նման հայտարարությունը լիքը վատ հետևանքներ կարող է բերել առնվազն հայ-ռուսական դիվանագիտական մակարդակում, վախենամ՝ ավելի խորքային մակարդակներում ևս: Հետևանքները Հայաստանի համար ընդհանրապես լավ չեն լինելու»,- ընդգծեց ռազմական փորձագետը:
Արթուր Եզիազարյանը խոսեց նաև հնարավոր պատերազմի մասին, որը, ըստ իրեն, ապագայում, պարզապես, անխուսափելի է. «Ես ոչինչ չեմ բացառում, միայն մեկ բան գիտեմ, մենք այսօր շատ վատ իրավիճակում ենք իրականում, մենք պետք է շատ արագ պատերազմի հետևանքները բուժենք, բարձրացնենք բանակի մարտունակությունը թե՛ հոգեբանորեն և թե′ ֆիզիկապես, որովհետև հետագայում անխուսափելի են ռազմական գործողությունները: Ամեն րոպե տարածաշրջանում կարող է բան փոխվել: Մենք չգիտենք, թե վաղը մեզ ինչ քաղաքական զարգացումներ են սպասվելու և շատ հնարավոր է՝ մենք կրկին մնանք թշնամու հետ՝ դեմ առ դեմ, և այդ ժամանակ մեր անվտանգության միակ երաշխիքը լինելու է կազմակերպված Հայկական բանակը»,- եզրափակեց ռազմական փորձագետը:
Զվարթ Պետրոսյան