Թուրքիան արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բուդապեշտում, որտեղ գտնվում է աշխատանքային այցով, նշել է, որ տեղի ունեցածը ռազմական հեղաշրջման փորձ է:
«Աշխարհի որ հատվածում էլ լինի հեղաշրջում, մենք դատապարտում ենք: Մենք վճռականորեն դատապարտում ենք այդ փորձը (Հայաստանում): Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է: Ոչ միայն բանակի օգնությամբ կառավարության տապալումը, այլև նույնիսկ դրա կոչն անընդունելի է»,-ասել է Չավուշօղլուն:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ԳՇ հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: