Նախօրեին Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, եւ նա պատրաստվում է գլխի վիրահատության։
Լրատվամիջոցը հայտնել էր, որ, պայմանավորված այս հանգամանքով, Ջալալ Հարությունյանը որեւէ կերպ չի մեկնաբանում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը։
Irakanum.am-ին հաջողվել է կապ հաստատել Հարությունյանի հետ։ Հեռախոսազրույցում Ջալալ Հարությունյանը հաստատել է տեղեկությունը, որ պատրաստվում է վիրահատության։
«Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասել է Հարությունյանը։ Ջալալ Հարությունյանը մեկնաբանել է նաև ԳՇ հայտարարությունը. «Ես՝ ի ծնե, բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չստորագրեց։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել նախագահին։ Եռօրյա ժամկետում նախագահը կա՛մ պետք է ստորագրի, կա՛մ ուղարկի ՍԴ։ Դատարանն էլ դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում։