Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 28-ին մասնակցել է Հանրապետության նախագահի նստավայրում 2020 թվականի պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը:

Հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային կառույցների դիմելու, նրանց արձագանքի կարևորությունը թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների որոնման հարցերի լուծմանը՝ թույլ չտալու համար, որ Ադրբեջանը հայկական կողմի գերիների վերադարձի հարցը դարձնի քաղաքական շահարկման ու սակարկությունների առարկա:

«Հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից իրականացված ու իրականացվող մարդու իրավունքների խախտումները մշտապես բարձրաձայնում է և տեղեկացնում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: