Այսօր՝ մարտի 5-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողներին ցուցադրեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը կրակոցներ արձակում ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ագարակ և Եղվարդ գյուղերի միջնամասում օրվա ցերկային ժամերին։ 

ԼՈՒՐԵՐ.com-ը այս թեմայով կապ հաստատեց Ագարակի համայնքապետ Հայկ Սահակյանի հետ, որն ասաց, որ որևէ կրակոց չի լսել ո՛չ ինքը, ո՛չ էլ գյուղի բնակիչները:

Զանգահարեցինք նաև Եղվարդի համայնքապետ Սպարտակ Զաքարյանին, որն ասաց՝ 2 օր է, ինչ բացակայել է գյուղից, բայց մինչև դա էլ կրակոցի ձայներ չի լսել. «Այնտեղ տարբեր առաջնագծեր կան, պրն Թաթոյանը մշտապես կապի մեջ է լինում զինվորականների հետ, հավանաբար, նկատի ունի Եղվարդի սահմանը: Եղվարդի սահմանը ոչ մի սահմանին նման չէ, այն շատ երկար է, անցնում է Ադրբեջանի երկու շրջանների միջով. 10 կմ ձգվում է այդ սահմանը»,-ասաց համայնքապետը:

Նա նշեց, որ սահմանազատման օրվանից Եղվարդի բնակիչները անհանգիստ են, առ այսօր. «Պարզ է, որ իրենց երևանցու նման չեն զգա: Գյուղացիների հոգսը այն է, որ թուրքերի հետ միևնույն սահմանի վրա են: Անհանգստություն կա, և չեմ կարծում, թե այդ անհանգստությունը երբևէ կվերանա»,- ընդգծեց Սպարտակ Զաքարյանը:

Նրա հետ զրույցում անդրադարձանք նաև Անդրանիկ Քոչարյանի՝ այսօրվա արած հայտարարությանը, որում ասվում էր.  «Սյունեցիները թող վստահ լինեն՝ 5 տարի հրադադարի ռեժիմն այս պահի համար անխոցելի է»:

Եղվարդի համայնքապետը պատասխանեց Անդրանիկ Քոչարյանի արված այդ հայտարարությանը. «Անդրանիկ Քոչարյանին մի հատ ուղարկեք ստեղ էլի, տեսնենք՝ ինքը երբևէ եղել է այստեղ, որ տենց բան է հայտարարում: Ինչը՝ Արման Թաթոյանն է ասում, ես հավատում և ընդունում եմ, որովհետև մշտապես նրան տեսնում եմ այստեղ, բայց որ Անդրանիկ Քոչարյանը.... ես չեմ ընդունում նրա տեսակի մարդկանց: Գիտի, թե միայն թրաշն ու իրեն «թյունինգ» անելով է»,- ասաց համայնքապետը:

 

Վերջինս նշեց, որ առ այսօր որևէ իմքայլական պատգամավորի չի տեսել իրենց գյուղում, տեսել է միայն մեկին. «Միայն մեկին եմ տեսել, բայց նրա՝ այստեղ լինելը  համարում եմ զուտ պատահականություն: Ես նրա ասածներից հասկացա, որ ինքը տիկնիկային թատրոնի համար ավելի հետաքրքիր կլիներ»,- ընդգծեց Սպարտակ Զաքարյանը, հավելելով՝ սահմանները պաշտպանված են այնքանով, որքանով իրենք են կարողանում պաշտպանել. «Եթե կարծում են, որ իրենք սահման են պաշտպանում, թո՛ղ մի հատ գան այստեղ, թո՛ղ Կառավարությունը իր ղեկավարով ևս գա: Թող գան ու բանակցություններ վարեն հենց սահմանի վրա, որ մենք էլ տեսնենք, թե ինչ են բանակցում, բայց հիմա չկա տենց բան. իրենք բանակցում են, իսկ մենք չենք իմանում ու չենք տեսնում դա»,- եզրափակեց Եղվարդի համայնքապետը:

Զվարթ Պետրոսյան