Թե ինչ խնդիրներ կան, որոնց պատճառով ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել UNICEF ներկայացուցիչ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ չգիտի։ Այս մասին այսօր՝ մարտի 9–ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Եղոյանը։

«Եթե լրտեսությամբ է զբաղվել, դա լրիվ այլ թեմա է, եթե անգործություն է ցուցաբերել կամ էլ ոչ պատշաճ աշխատանք՝ այլ թեմա է»,– ասաց պատգամավորը՝ անդրադառնալով UNICEF ներկայացուցչի պաշտոնավարման դադարեցման մամուլում շրջանառվող պատճառներին։

Նշենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի։

ՀՀ ԱԳՆ–ից անդրադառնալով ՀՀ-ում UNICEF ներկայացուցչի պաշտոնավարման դադարեցմանը ասել են.

«Հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում UNICEF ներկայացուցիչ Մարին Քլարկ-Հաթթինգի իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատելաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF ներկայացուցիչ»։