«Նոյեմբերյան» բժշկական կենտրոնում մարտի 7-ին մահացած նորածնի մայրը՝ Լոռու մարզի Ճոճկան բնակավայրի բնակչուհի 22-ամյա Լիլիթը Բ.-ն էր, որը վաղը դուրս կգրվի հիվանդանոցից։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ծննդկանի ամուսնու եղբայրը՝ Կամոն:
«9 ամիսների ընթացքում ծննդկանը որևէ բողոք, որևէ առողջական խնդիր չի ունեցել, բժիշկները ասում են, որ երեխայի մահվան պատճառը նրա պորտալարի կրկնակի փաթաթումն է եղել, բժիշկները շատ հոգատար են եղել եղբորս կնոջ նկատմամբ»,- նշեց նա:
Վերջինս ասաց, որ որևէ բողոք չունեն բժիշկներից. «Դեպքը, երբ տեղի ունեցավ, այդ նույն պահին եղբայրս բարկացած դիմել է Ոստիկանություն, հետո հանգստացրել ենք։ Բժշկին այլևս չենք մեղադրում, բողոքելու բան չկա»,- ասաց մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե արդյոք բողոքը ետ են վերցրել, ծննդկանի ամուսնու եղբայրն ասաց, որ տեղյակ չէ:
Հավելենք նաև, որ մահացած երեխան Արթուրի և Լիլիթի առաջնեկը պետք է լիներ:
Հիշեցնենք՝ երեկ shamshyan.com-ը գրել էր, որ մարտի 7-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ահազանգ էր ստացվել 36-ամյա Արթուր Ա․-ից, որը հայտնել էր, որ «Նոյեմբերյան» ԲԿ-ում իր կնոջն ու երեխային սպանել են։
Զվարթ Պետրոսյան