Վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, համոզված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ըստ նրա' ինչքան շուտ ձևավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ խնդիրները կլուծվեն:

Խոսելով տեղեկությունների մասին, թե ինքը հանդիպել է վարչապետի հետ, Ծառուկյանն ընդգծեց, որ եթե հանդիպում լիներ, այդ մասին լրատվամիջոցները կիմանային: Միաժամանակ նա հայտնեց, որ «Հայրենիքի փրկության շարժման» գործընկերների հետ է հանդիպել, կհանդիպի նաև Փաշինյանի հետ' շարունակելով. «Ինձ թվում է' շուտով հանդիպումը կլինի, և բոլորդ էլ տեղյակ կլինեք, ոչ թե պատերի տակի խոսակցություններով, թե հանդիպել են, էս- էն արել։ Էս վիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քայլ կատարել, վայրկյան շուտ հանգուցալուծել, որ էս խնդիրները կարգավորենք:

Իմ տեսակետները չեն փոխվել, վարչապետը պետք է հրաժարական տա, և պետք է շուտափույթ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։ Գագիկ Ծառուկյան ասաց նաև' մնացածը կքննարկեն Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի արած հրավերին' հանդիպեն վարչապետը, ՀՓՇ-ի ներկայացուցիչներն ու խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները, ապա ԲՀԿ առաջնորդն ասաց. «Նախագահը հրավերն ուղարկել է մեզ, բայց տվյալ հրավերի մեջ ծրագրային ինչ-որ պարզաբանում' ինչի մասին պետք է խոսենք, կամ ծրագիրը մի քիչ բաց չի, արտահայտված չի: Գրած է, հանդիպենք, կխոսենք: Եթե նա հարցադրումներ կդնի, կետերը կդնի, ծրագրի մեջ, որ այս հարցն է, կհանդիպենք, կքննարկենք, կասենք, բայց հենց այնպես քննարկելու, խոսելու համար ես հարկ չեմ համարում»:

Բացի այդ, Ծառուկյանը վստահեցրեց, որ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի երեկվա հայտարարությունը' նախագահի հետ հանդիպմանը գնալ իրենց օրակարգով, համաձայնեցված է եղել նաև իր հետ:

Տեսանյութը' Hraparak.am-ի