Վերջին շրջանում տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը անում են ամեն հնարավորն ու անհնարինը՝ Սփյուռքի հետ հարաբերությունները փոշիացնելու, Հայաստան-Սփյուռք կապը կտրելու համար: Այն, որ հարաբերությունները սառել են, պարզ դարձավ դեռևս 2019 թվականի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած ամենամյա թելեթոնից հետո: «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի 2019 թվականի հանգանակության ընթացքում հավաքվել էր մոտ 9.856.100 դոլար: Հիշեցնենք, որ «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար: 2017 թ․ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքվել էր 12.505.456 մլն ԱՄՆ դոլար:

Ի՞նչ է արել Փաշինյանի կառավարությունը այս մեկ ու կես տարվա ընթացքում, որպեսզի շահի Սփյուռքի վստահությունը. հասկանալի է, որ, պարզապես, հներին գող ու թալանչի հանելով՝ այդ վստահությունը ձեռք չես բերի: Սկզբում Փաշինյանը փակեց Սփյուռքի նախարարությունը, իսկ մինչ այդ նախարար Մխիթար Հայրապետյանը, կարելի է ասել, ոչնչով էլ աչքի չընկավ, բացի նույն բարի կենացների մակարդակի հայտարարություններից: Հիշեցնենք' վերջինս մեծ ներգաղթի էր պատրաստվում, սակայն հետագայում ստիպված էր ընդունել, որ Սփյուռքը իր էնտուզիազմը այս հարցում չի կիսում: Այնուհետև, Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ ստեղծվեց, որի ղեկավար նշանակվեց Զարեհ Սինանյանը: Ի՞նչ է արել Սինանյանը այս ընթացքում Սփյուռքի վստահությունը հետ բերելու համար: Նրա մի քանի այցերը ՌԴ և հանդիպումը հայկական համայնքի հետ, կարծես թե, որևէ պտուղ չեն տվել, իսկ եթե տվել են, ապա այնչափ փոքր, որ անգամ ինքը՝ Սինանյանը, այդ մասին հարկ չի համարել հայտնել:

Իշխանություններին, ինչ խոսք, հաջողվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը դարձնել համահայկական քննարկման առարկա, սակայն ոչ թե հիմնադրամի հանդեպ վստահության աճի, այլ' հիմնադրամը վարկաբեկելու առումով: Նոր իշխանությունների առաջին խոշոր բացահայտում-քրեական գործերից թվով երկրորդը կապված էր «Հայաստան» հիմնադրամի՝ այդ պահին գործող տնօրենի անձի հետ: Ճիշտ է, հետո պարզվեց, որ տնօրենը հիմնադրամի միջոցները չէր յուրացրել: Դրանից հետո էլ սկանդալների պակաս չէր զգացվում: Պատերազմի ընթացքում հանգանակված 120 միլիոն դոլարի ճակատագիրը մինչ օրս պարզ չէ, հիմնադրամը տարատեսակ հերքումներով է հանդես գալիս, որոնցում սակայն չկա ամենակարևորը՝ ապացույցը, որ տարածվող լուրերը ՝ հիմնադրամից գումարների կանխիկացման և յուրացման մասին կեղծ են: Այսօր էլ տեղեկություն տարածվեց, որ միջազգային աուդիտը չի հաստատել Հայաստանի կառավարության կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերաբերյալ հաշվետվությունը, ինչը հարցականի տակ է դնում հիմնադրամի ապագան: Տեղեկություն տարածվեց նաև, որ Սփյուռքի կողմից հիմնադրամին փոխանցված շուրջ 8 միլիոն դոլարը կանխիկացվել և յուրացվել է Հայաստանում գործող ռեժիմի ներկայացուցիչների կողմից: Սա նույնպես հերքվեց, նույնպես՝ առանց հակառակը ապացուցելու:

Ի՞նչ է ստացվում, շուրջ երեք տարվա ընթացքում միակ բանը որում հաջողեցին Նիկոլ Փաշինյանն ու իր մտերիմ Հայկակ Արշամյանը դա հիմնդրամը հեղինակազրկելն է, Սփյուռքի ներուժի փոշիացումն է և Հայաստան-Սփյուռք կապի խզումն է: