ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի բյուջետային ծախսերի «Կրթական հաստատությունների աշակերտներին դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում» միջոցառման շրջանակում դասագրքերի ձեռքբերման ցանկը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Ըստ այդմ՝ հաստատվել են տարրական դասարանների 38 անուն դասագիրք, վարժությունների և աշխատանքային տետրեր: Նախարարի հրամանով հաստատվել է նաև ազգային փոքրամասնությունների համար նախատեսված 10 անուն դասագիրք, մասնավորապես՝ «Եզդիերեն այբբենարան» «Քրդերեն այբբենարան», «Եզդի գրականություն», «Եզդիերեն» և «Քրդերեն»:

Ընդհանուր առմամբ ձեռք կբերվի 905 848 հատ դասագիրք, վարժությունների և աշխատանքային տետրեր, որոնց տարեկան գումարը կազմում է 919 170 109 ՀՀ դրամ:

Դասագրքերը տպագրելու են «Էդիթ Պրինտ», «ՄԱՆՄԱՐ», «Արևիկ հրատարակչություն», «Զանգակ-97», «Տիգրան Մեծ», «Աստղիկ գրատուն», «ՍՊԻԿԱ» հրատարակչությունները և «Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը: