ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպման արդյունքում հայտարարվեց, որ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Թե ի՞նչ գործընթացներ պետք է տեղի ունենան մինչև ընտրությունները՝ պարզելու համար ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ։

Պարոն Այվազյան, ի՞նչ գործընթացներ են սպասվում մինչև արտահերթ ընտրությունների կազմակերպումը, ե՞րբ է հրաժարական տալու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

- Ըստ օրենքի՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են ԱԺ-ն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո: Այս ժամկետին գումարվում է 14 օր՝ վարչապետի հրաժարականի գործընթացը: Փաշինյանի հրաժարականը նախատեսվում է ապրիլի 2-րդ կեսին՝ մոտավոր ժամկետն ապրիլի 20-ն է: Համաձայն ԸՕ Հոդված 104.-ի՝ ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ: ԱԺ-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն: Ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

Իրավունք կա՞ կայացնել արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշում, եթե վարչապետը դեռ հրաժարական չի տվել և  Ազգային ժողովը չի արձակվել։
-Իրավունք ունի այն առումով, որ բացի «Իմ քայլից» բանակցություններ են եղել մյուս երկու խմբակցության հետ և, ըստ էության, այդ իրավունքը վաստակել է այն պահին, երբ այդ խմբակցությունների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել՝ Փաշինյանի հրաժարականից հետո ոչ ոք վարչապետի թեկնածու չի առաջադրելու և ընտրելու։
 
Ի՞նչ տեղի կունենա, երբ, բացի Քաղաքացիական պայմանագրից, բոլոր խմբակցությունները հրաժարվեն ընտրություններից։
 
-Եթե ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ում գրանցվի ընդամենը մեկ խմբակցություն, դա կբերի լուրջ քաղաքական ճգնաժամի։ Բացառում եմ դա, քանի որ առնվազն «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները տվել են իրենց համաձայնությունը ընտրություններին մասնակցելու։ Նրանց կողմից հրաժարվելը ֆանտազիայի ժանրից կլինի, բացի այդ էլ այնքան մանր-մունր և՛ իշխանության, և՛ պահեստային կուսակցություններ ունեն, որոնք անկախ նրանից ընտրազանգված ունեն, թե ոչ՝ կառաջադրվեն՝ պարզապես արտաքին տեսքը ապահովելու համար։ Սակայն, չեմ կարծում, որ նման իրավիճակ առաջանա։ 
 
Երկրում դեռևս արտակարգ դրության և ռազմական դրության իրավիճակ է։ Այս պայմաններում ժամանակ, արտահերթ ընտրություններ կարելի՞ է անցկացնել։
- Արտակարգ դրության ռեժիմը կհանեն, դա խնդիր չէ։ Համաձայնության գալուց հետո կառավարության համար դա 5 րոպեի ընթացքում լուծվող հարց է։ 
 
Սոնա Հարությունյան