Այսօր առավոտյան գողություն է տեղի ունեցել Նոր Նորքի սբ․ Աստվածածին եկեղեցում: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը:
«Առավոտյան իմացանք, որ եկեղեցու բակում վանդալիզմի են ենթարկել 2015 թվականին տեղադրված լրագրողի արձանը: Կոտրել են ժամը 05:00-ի սահմաններում, նախ վնասել են եկեղեցու՝ արձանին ուղղված տեսախցիկը, ապա՝ կոտրել են արձանի ոտքերն ու տարել»,- ասաց Տեր Աշոտը:
Քահանան կարծում է, որ վանդալիզը կատարվել է մետաղի համար. «Կա՛մ բրոնզ է եղել, կա՛մ պղինձ, հիմա ուզում ենք հասկանալ, թե կոնկրետ ինչ նյութ է եղել: Արձանը տեղադրված է եղել լրագրողի աշխատանքը և առաքելությունը արժևորելու համար՝ հենց եկեղեցու բակում, և այսօր ականատես ենք լինում նման վանդալիզմի: Օգտվելով դռնապահի՝ 2-ժամյա բացակայությունից, մոտեցել և վնասել են արձանը»:
Տեր Աշոտը նշեց, որ եկեղեցուց ոչինչ չեն տարել, քանի որ դուռը փակ է եղել:
«Ոստիկանությունում հաղորդում ենք ներկայացրել, մի քանի ժամից պետք է գնամ հարցաքննության: Սա հանրային կերպով պետք է դատապարտվի»,- ընդգծեց քահանան:
Արփինե Հակոբյան