Հարցազրույց Պլեխանովի անվ․ ՌՏՀ Երևանի մասնաճյուղի դասախոս՝ տնտ.գիտ.թեկնածու, դոցենտ պրն․ Ս.Հ. Իսկաջյանի հետ

-Ինչպե՞ս կարող է տարածաշրջանի հաղորդակցական ուղիների վերագործարկումը անդրադառնալ ՀՀ տնտեսական զարգացման վրա որպես տարանցիկ երկիր

Հայաստանի տարանցիկ նոր հնարավորությունների մասին խոսելիս հարկավոր է ի նկատի ունենալ երկաթուղային հաղորդակցությունը՝ Ադրբեջանը Նախիջևանին կապող 45կմ հատվածը, ինչպես նաև Նախիջևանից Հայաստանի տարածքով անցնող մինչև Վրաստանի սահման՝ շուրջ 350կմ և Թուրքիայի սահման՝ շուրջ 220կմ երկարությամբ հատվածները: Ըստ նախնական գնահատականների ՀՀ տարածքով տրասնպորտային բեռնափոխադրման ծավալները Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ կարող են կազմել տարեկան մինչև 4 մլն տոննա, իսկ դեպի Իրան և հակառակ ուղղությամբ՝ 3.5 մլն տոննա: Այսպիսով, հիմք ընդունելով այս տվյալները, որպես տարանցիկ երկիր ՀՀ բյուջետային համախառն մուտքերը կարող են կազմել տարեկան մինչև 50 մլն ԱՄՆ դոլար, իսկ ՀՆԱ-ում ներդրումը կլինի աննշան: Այս հաշվարկներում Ադրբեջանից և Իրանից /Նախիջևանով/ դեպի Թուրքիա և հակառակ ուղղությամբ երկաթուղային ճանապարհով բեռները ենթադրվում է, որ կանցնեն ՀՀ տարածքով, մինչդեռ հարևան երկրների կողմից պլանավորվում է երկաթուղային նոր հաղորդակցություն, որը կկապի Իգդիր քաղաքը Նախիջանի հետ, իսկ այդ դեպքում ՀՀ ակնկալվող եկամուտներն էականորեն կկրճատվեն: Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ ճանապարհների շահագործումը հնարավոր կլինի լավագույն դեպքում 3-4 տարի անց, քանզի առանձին հատվածներ ունեն հիմնանորոգման կամ կառուցման խնդիր:

-Իսկ ինչպիսի՞ ազդեցություն կունենա սահմանների վերաբացումը ՀՀ ապրանքների արտահանման և ներմուծման դինամիկայի վրա

ՀՀ արտաքին առևտրաշրջանառության հիմնական ուղղությունը Ռուսաստանն է: Այժմն գոյություն ունի ՌԴ հետ բեռնափոխադրման 2 ցամաքային ճանապարհ, որից առաջինը Սև ծովի նավահանգիստներով է անցնում , իսկ երկրորդը՝ Վերին Լարսով: Երկրորդ ճանապարհն այժմ առավել պահանջված է՝ պայմանավորված բեռնափոխադրման սակագներով և արագությամբ: Սահմանների վերաբացման պարագայում դեպի ՌԴ արտահանման և ներմուծման ևս 3 տարբերակ ի հայտ կգա՝ Ադրբեջանի տարածքով, որից 2-ը Նախիջևանի հատվածով /850կմ/, Ղազախի հատվածով /650կմ/ մոտ ապագայում չեն կարող շահագործվել, քանզի ունեն հիմնովին վերականգման, իսկ առանձին հատվածներում՝ կառուցման կարիք: Իրատեսական կլինի տեսանելի ապագայում բեռնափոխադրումների իրականացումը Վրաստանի տարածքով, որի դեպքում 90կմ երկաթուղային ճանապարհը կանցնի Վրաստանի տարածքով,  680կմ՝ Ադրբեջանի տարածքով: Այս ճանապարհով առանձին խումբ ապրանքների ներմուծման սակագինը ՌԴ-ից տարբեր հաշվարկներով առավելագույնը 10 տոկոս ցածր կլինի Վերին Լարսով ավտոմոբիլային բեռնափոխադրման տարբերակի համեմատ /օրինակ՝ ցորենը կամ վարսակը/, սակայն բեռնափոխադրման տևողությունը կլինի առնվազն 30 օր /հաշվարկված Կրասնոդարի երկրամասից /: Մյուս կողմից, հարկ է ի նկատի ունենալ, որ դեպի ՌԴ արտահանվում են հիմնականում սպառողական նշանակության ապրանքներ /օրինակ՝ միրգ, բանջարեղեն/, որոնց պարագայում հարկավոր է կարճ ժամանակում մատակարարում և պահպանման հատուկ պայմաններ, որոնք չեն կարող ապահովվել Ադրբեջանի տարածքով բեռանափոխադրման դեպքում: Այսինքն, կարելի է եզրակացնել, որ սահմանների վերաբացման պարագայում ՀՀ ՌԴ-ից ապրանքների ներմուծման ծավալները և սակագներն էական փոփոխություններ չեն կարող կրել, իսկ արտահանման համար Վերին Լարսով անցնող ավտոմոբիլային բեռնափոխադրումը կշարունակի մնալ առավել նախընտրելի արտահանող կազմակերպությունների համար:

-Արդյոք ՀՀ տնտեսությունն այժմ պատրաստ է սահմանների վերաբացման

Միանշանակ է, որ առկա պայմաններում ՀՀ տնտեսությունը պատրաստ չէ սահմանների վերաբացմանը: Սահմանների վերաբացման պարագայում կարելի է սպասել ներդրումային հետաքրքրություն հարևան երկրներից, սակայն այդ ներդրումները հիմնականում ուղղված կլինեն էներգետիկ, տրանսպորտի և կապի, շինարարության, առևտրի, ֆինանսական ոլորտներին: Այս համատեքստում ՀՀ տնտեսության համար կառաջանան տնտեսական անվտանգության ապահովման բավական մեծ ռիսկեր: Մյուս կողմից կարելի է ենթադրել սպառողական ապրանքների, հատկապես սննդի և տեքստիլ արդյունաբերության ապրանքների, ներմուծման ծավալների կտրուկ մեծացում Թուքիայից և Իրանից՝ հաշվի առնելով այդ երկրներում սննդի և թեթև արդյունաբերության ապրանքների ցածր գները: Այս համատեքստում ՀՀ առանձին սպառողական շուկաներ կարող են ամբողջությամբ կլանվել ներմուծող կազմակերպությունների կողմից: 

Սահմանների վերաբացմանը հարկավոր է նախապատրաստել ՀՀ տնտեսությունը ՝ մշակել տնտեսական անվտանգության հայեցակարգ, բարձրացնել բյուջետային քաղաքականության արդյունավետությունը, իսկ արտադրող և վերամշակող կազմակերպություններին տրամադրել հարկային և մաքսային նշանակալի արտոնություններ, երկարաժամկետ և էժան վարկեր, ուղղորդել ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ոլորտները, ապահովել շուկաների մրցունակությունը: Այս դեղամիջոցները ես առաջարկում եմ որպես տնտեսագետ, սակայն համոզված եմ, որ խնդիրների բավական լուրջ ներկապնակ կարող են ներկայացվել նաև պետական և ազգային անվտանգային խնդիրների մասնագետների կողմից, ինչն անտեսել նույնպես չի կարելի։