Եթե նոյեմբերի 17-ի՝ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը կեղծ էր, ապա Նիկոլ Փաշինյանը չպիտի լռեր այդ ժամանակ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Եթե թույլ է տվել, որ Օնիկ Գասպարյանը նման բան հայտարարի, ապա իրեն ձեռնտու է եղել այդ հայտարարությունը: Եթե կա ձայնագրություն՝ թող հրապարակեն: Ի դեպ, Օնիկ Գասպարյանը այդ ժամանակ եղել է Գլխավոր շտաբի պետ և եթե հայտարարել է նման բան, որը Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է՝ սուտ է, ապա պետք է հենց այդ ժամանակ խոսեր, եթե չի խոսել՝ հիմա քննարկելը երկրորդական է»,- նկատեց Հովսեփյանը:
Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչու են այսօր Ազգային ժողովում այդ հարցը քննարկում:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պատեհ առիթ է համարել պատերազմի վերաբերյալ մի շարք շահարկումների, ապատեղեկատվությունների և այլ հարցերի պատասխանները տալու, պատգամավորն ասաց, որ մենախոսելու համար պատեհ առիթ չէ:
«Ի՞նչ կապ ունի, ինչի՞ համար է: Առհասարակ, դա պատեհ առիթ չէ, քանի դեռ քննություն չի եղել, ամբողջությամբ չեն ուսումնասիրել և չեն տեսել, թե ինչ է տեղի ունեցել պատերազմի ընթացքում. որևէ մեկն իրավունք չունի այս պահին մենախոսելու, ինչ-որ բան ներկայացնելու և կեղծ ինֆորմացիաներ լցնելու հասարակության ականջը, ո՞վ է ուսումնասիրել, միակողմանի՞ և առանց ուսումնասիրությա՞ն է պատերազմը ներկայացվելու»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանը չի ասել՝ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», հակառակը, ասել է՝ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել:
Արփինե Հակոբյան