Արդեն քանի օր է, ինչ համացանցում լայն շրջանառվում է Եռաբլուրից մի տեսանյութ, որում զոհված զինծառայողի մայրը վիրավորում է Ռոբերտ Քոչարյանին: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր արդարացրին զոհված զինծառայողի մոր նման վարքագիծը, իսկ որոշներն էլ կարծիք հայտնեցին, թե այդ կինը ամենևին էլ զոհված զինծառայողի մայր չէ, այլ նրան հրահանգել են, որ այդպես իրեն պահի: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com -ը զրուցեց զոհված զինծառայող Սուրեն Բաբայանի մոր՝ Գալինա Բաբայանի հետ, որն ասաց. «Ժամը 4-ն էր, Կյաժիս ընկերները եկան խունկ ծխեցին տղայիս գերեզմանին, ու մի ուժեղ գոչյուն լսվեց. ինձ թվաց՝ ինչ-որ մարդ է վատացել, բայց պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանն է եկել Եռաբլուր և ինչ-որ կին արգելում էր, որ նա մոտենա իր հարազատի շիրիմին: Մոտեցա Ռոբերտ Քոչարյանին՝ նրան երկու հարց ունեի տալու: Հարցրի՝ ինչո՞ւ եք եկել, ինչո՞ւ մեր տղերքին գցեցիք շրջափակման մեջ: Ինձ պատասխանեց՝ ես չեմ մեղավորը, գնացե'ք մեղավորին հարցրեք, ու հեռացավ: Ես հարցրի՝ ինչո՞ւ չեք պատասխանում, նա այդպես էլ անպատասխան թողեց հարցս»,- պատմում է զոհված զինծառայողի մայրը:
Վերջինս ասաց, որ իրեն մոտեցավ Ռոբերտ Քոչարյանի տղան՝ Լևոն Քոչարյանը, և ասաց, որ ինքն էլ է պատերազմի օրերին եղել մարտի դաշտում. «Ասացի՝ լսի՛ր տղա ջան, ես հարցս քեզ չեմ ուղղում, հայրդ ինչո՞ւ չի պատասխանում ինձ, որ դու ես պատասխանում: Ես էլ վիրավորեցի Ռոբերտ Քոչարյանին ինձ չպատասխանելու համար»,- նշեց հերոսի մայրը:
Մեր այն հարցին, թե ինչու այդ երկու հարցերը նա ուղղեց Ռոբերտ Քոչարյանին, պատասխանեց. «Ինձ համար միևնույն էր, թե որ ղեկավարին այդ հարցերը կուղղեի, սպասում էի քաղաքական դեմքերից մեկը մտներ Եռաբլուր, որ ստանայի իմ այդ հարցերի պատասխանները»,- ասաց Գալինա Բաբայանը: