ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն անդրադարձավ Արտաքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրած Արա Այվազյանի հայտարարությանը, որում նա հրաժարականը հիմնավորում էր, մասնավորապես, պետական շահի դեմ որևէ նախաձեռնության համաձայնության չտալու ցանկությամբ:
Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց. «Ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ նմանատիպ խնդիր ընդհանրապես գոյություն ունի: Բնականաբար բոլորիս համար առաջնային են ազգային շահերը, և որևէ առիթ չեմ տեսնում»:
Նա,այնուամենայնիվ, հորդորեց հայտարարության վերաբերյալ հարցը ուղղել Արա Այվազյանին:
Փոխվարչապետի պաշտոնակատարը բացառեց չհրապարակված որևէ նախաձեռնության գոյություն: Նա վստահեցրեց, որ չկա որևէ գաղտնի փաստաթուղթ: «Ինչ-որ քննարկվում է, մաքսիմալ հրապարակային է: Չի էլ կարող լինել գաղտնի փաստաթուղթ, որը չհրապարակվի կամ հանրայնորեն չքննարկվի»,-ասաց Գրիգորյանը: