ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այս պահին աշխատասենյակում է, հանձնարարություններ է տալիս, ես նման տեղեկություն չունեմ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին ասաց ՊԵԿ մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարական է տվել:
Մամուլի խոսնակը հրաժարվեց մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով. «Եթե նման բան լինի' պաշտոնապես կհրապարակվի»:
Նշենք, որ Hraprak.am-ը գրել է, որ իրենց տեղեկություններով ԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Կայքը գրել է. «Մասնավորապես, մեզ ասացին, որ Հովհաննիսյանն իր ազատման մասին իմացել է այսօր առավոտյան, կառավարության նիստից առաջ: Այսինքն' իր համար դա անակնկալ է եղել, որ պիտի ազատվի պաշտոնից: Նիստից հետո նա գնացել է ՊԵԿ, ժամը 3-ին հավաքել աշխատակիցներին, ժողով արել ու հայտնել, որ հեռանում է: Մեզ ասացին' դիմումն արդեն գրել ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին: Նրան նաև փորձել են մխիթարել, որ շատ ծանր թող չտանի' առանց պաշտոնի չի մնալու»: