Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշում կայացրեց։

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով եւ 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով: Հատուկ քննչական ծառայությունը նախօրեին միջնորդություն էր ներկայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարան' Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու եւ ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական եւ խմբային շահերից ելնելով' նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է' երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալը: