2 ամսվա ժամկետային զինծառայող Միհրան Կոստանյանը, պատերազմի կանոններից անտեղյակ մասնակիցը դարձավ 44-օրյա պատերազմին: Հիմա, երբ խոսում է պատերազմի մասին, հպարտությունն ու հոգու ցավը միախառնվում են: Միհրանը ռազմի դաշտում ստանում է 2 վիրավորում. հիմա ապաքինված նա կանգնած է սահմանին՝ պաշտպանելու հայրենիքը:

Նա ծնվել է Երևանում։ Սովորել է Երևանի համար 34 հիմնական դպրոցում։ Դպրոցն ավարտել է բարձր առաջադիմությամբ և ընդունվել Երևանի թիվ 2 ավագ դպրոց, որտեղ 3 տարի սովորելուց հետո ընդունվել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտություն բաժինը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հերոսը՝ Միհրան Կոստանյանը:

Ապագա արաբագետը շատ էր սիրում ստեղծագործել, ազատ ժամանակը նվիրում էր ընթերցանությանը. «Փոքրուց սիրել եմ ընթերցել։ Առաջին գրքիս հաջորդում էին նորերը ու էդպես ողջ ազատ ժամանակս լցնում էի ընթերցանությամբ։ 12 տարեկանում բացահայտեցի ինքս ինձ. սկսեցի գրել։ Բանաստեղծությունների կողքին դասվեցին նաև պատմվածքներս։ 16 տարեկանում սկսեցի գրել առաջին գիրքս`«Քրիստոնեական դավանանքներն ու հայոց պատմությունը», շուրջ 2 տարի սրբագրելուց հետո որոշեցի տպագրել, բայց քանի որ արդեն պիտի մեկնեի ծառայության, հրաժարվեցի գաղափարն իրագործելուց»,- պատմում է Միհրանը:

Նա որոշ ժամանակ ապրել է արտերկրում, բայց, զգալով հայրենի հողի կանչը, առանց ծնողների վերադարձել է Հայաստան: Միհրանը պատանեկությունը անց է կացրել Երևանում`ապրելով մենակ, այն գիտակցումով, որ շուտով բանակ է զորակոչվելու.

«2020 թվականի օգոստոսի 7-ին անցել եմ ծառայության ԼՂՀ-ում` Մատաղիսի զորամասում։ Ծառայությանս 50-րդ օրն էր լրացել, երբ սկսվեց պատերազմը։ Առաջին արկը պայթեց ուղիղ մեր զորանոցի կողքին, ու «վազքով անցեք շելերը» հրամանը ինձ նետեց պատերազմի գիրկը։ Մի քանի րոպե չէի հասկանում` ինչ է կատարվում. մտածում էի հերթական ուսումնական փուլի բացումն են անում` նոր ֆորմատով (դե 2 ամիս էլ չկար՝ ծառայում էի, շատ բանի չէի տիրապետում)։ Զենքս ուսիս, հանդերձանքը վրայիցս մի կերպ քարշ տալով՝ սկսեցի վազել դեպի պատերազմի հորձանուտը` արդեն հասկացած, որ հայրենիքս կանչում է, որ անօգնականի պես կախվել է պարանոցիցս ու խնդրում է փրկել իրեն...»,- վերհիշում է Միհրանը:

Ըստ հերոսի խոսքերի՝ իրենք պատերազմի առաջին իսկ րոպեներից համոզված էին՝ հաղթանակը իրենցն է լինելու. «Տղերքին հնարավոր չէր կանգնեցնել, ետ պահել: Բոլորիս աչքերը վառվում էին թեժ կրակով, մենք պատրաստ էինք անելու անհնարինը։ Բոլորի սրտում անմար հուր կար. հայրենիքի հանդեպ ունեցած սիրո, նրա համար մեռնելու գնով մնացյալին ապրեցնելու անմար կրակն էր, որ երբեք չէր մարելու»,- ասաց նա։

Անդրադառնալով ռազմի դաշտում կերտված պատմություններին՝ Միհրանն ասաց, որ այդքան էլ չի սիրում խոսել դրանց մասին. մեզ հետ միայն մեկ դրվագով կիսվեց.

«Մի քանի ժամ անցել էր պատերազմը սկսվելու պահից, կապերն ընդհատվել էին ու չէինք կարողանում զանգել։ Լսեցինք, որ Հայաստանում լուրեր են պտտվում, թե Մատաղիսի հրետանին ոչնչացված է։ Դե մենք էլ` հրետանավորներով, լուրը լսելու պահին լուռ ծխում էինք։ Մեկ էլ հանկարծ կարողացա զանգել տուն ու շտապ դիմեցի կողքիս կանգնած ընկերոջս՝ ախպե՛ր, քանի հանգիստ ա, ուզում եմ տուն զանգել, ուշադիր կլինես, ընկերս էլ պատասխանեց՝ լավ ախպերս, բայց մի պայմանով, տանեցիներին իմ կողմից ջերմ բարևներ կուղարկես: Մեկ էլ Արտակը կանգնեց տեղից, քայլեց թմբի տակ ու սկսեց հեռադիտակով դիտարկում անել։ Ես արդեն կարողացա կապ հաստատել տանեցիների հետ, ասացի՝ ալո, մա՞մ, ու մաման սկսեց՝ հա՛ տղես, ո՞նց ես, խի՞ չես զանգում, նորմալ ա՞ սաղ, ես էլ պատասխանեցի, թե լավ ա սաղ, մա՛մ, կապ չկար ուղղակի, ու էդ պահին հարձակում սկսվեց։ Շուրջբոլորն ահավոր աղմուկ էր, մամայի ձայնը էլ չէի լսում՝ ալո, տղե՛ս, էդ ի՞նչ ձեներ են, խոսա՛, պատասխանի՛ (արդեն հուզված), ասացի՝ նորմալ ա, մա՛մ, տղերքն են, խորոված են անում, կզանգեմ հետո հա՞: Մեկ էլ Արտակը քթի տակ սկսեց մրթմրթալ՝ հա՜, խորոված, էն էլ ինչ խորոված, ախպորս էսօր գառան խորոված պատիվ տա՞մ։ Ու պատրաստվեց կրակելու: Ես էլ նորից մամային հանգստացնելու նպատակով ասացի՝ մա՛մ, նորմալ ա սաղ, գնամ տղերքի մոտ, հետո կզանգեմ, հա ու մեկ էլ, մինչև չզանգեմ, չասեմ մեռել եմ, չհավատաս։ Գրկում եմ, կզանգեմ: Սկսեցինք մինչև ուշ գիշեր կրակել... հաղթանակն ապահոված էր...»,- պատմում է Միհրանը։

Մայրիկի հետ ունեցած հեռախոսազանգից ժամեր անց հերոսը ստանում է իր առաջին վիրավորումը. նա վիրավորում է 2 անգամ. «Առաջին վիրավորումս կանտուզիա է եղել` հրանոթի ռումբի հարվածից։ Երկրորդ անգամ մեկ այլ տեղից կրակ վարելու համար պետք է տեղափոխվեինք։ Մեքենայի կողքին համազարկով կրակ են բացում ու մեքենան հարվածային ալիքից գլխիվայր շրջվում է։ Ներսում եղած` 80 կիլոգրամից ավել կշռող արկղերից մեկը ընկում է մեջքիս, ողնաշարս կոտրում»,- նշեց հերոսը: 

Մեր այն հարցին, թե այդ վիրավորումներ ստանալուց հետո, ինչպես է ստացվել, որ ինքը շարունակում է ծառայել հայրենիքին, Միհրանը պատասխանեց. «Բուժումից ինքս եմ հրաժարվել` անհապաղ տղերքի մոտ լինելու համար. կարճ ասած` փախել եմ հոսպիտալից,  մի կերպ ինձ օգնելով՝ թևանցուկ նորից բերել են մարտադաշտ։ Եթե չհրաժարվեի, գուցե ազատեին ծառայությունից, բայց ես դա ամենաքիչն էի ուզում»,- ասաց նա:

Միհրանի հայրը պատերազմի հենց առաջին իսկ օրվանից եղել է ռազմի դաշտում, կռվել է որդու դիմաց` նրա դիրքերից մի քանի կիլոմետր հեռու, այդ մասին Միհրանը անգամ չի էլ իմացել. «Անկեղծ ասած, չգիտեի, որ հայրս մարտի դաշտում է։ Պատերազմի ժամանակ պատահական եմ հանդիպել հորս. երկուսիս զարմանք ու հպարտությունն էլ աննկարագրելի մեծ էին։ Դժվար էր մորս համար։ Գիտեր իմ գաղափարները, գիտեր, որ ոչինչ չեմ խնայի հանուն սեփական ժողովրդիս, հայրենիքիս և հանուն իրեն։ Բայց արդեն սովորել էր, հաշտվել էր այն մտքին, որ պիտի կռվենք ու համբերատար սպասում էր` կնոջ հոգատարությամբ` ամուսնուն, մայրական անմնացորդ սիրով` որդուն»,- ասաց Միհրանը։

Խոսելով ռազմի դաշտում ունեցած վախերի մասին՝  նա ասաց, որ առանց դրանց հնարավոր չէ մարտնչել. «Վախեր միշտ կային։ Կարծում եմ, պետք էր հիմար լինել, որ ոչ մի բանից չվախենայիր։ Բայց սա վայրկյաններ էր տևում ու ադրենալինը քեզ մղում էր մարտի։ Բայց զինվորների նպատակն ու գաղափարը մեկն էր. արժանի զավակ լինել հայրենի հողի ու սեփական ժողովրդի համար։ Ատամներով պահել, մինչև վերջին փամփուշտը կռվել անտեր թողած հայրենիքի ազատագրման համար, սա էր մեր առջև դրված նպատակը»,- եզրափակեց Միհրանը:

Զվարթ Պետրոսյան