Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև հրադադարի հայտարարությանը հետևած անկարգությունների քրեական գործերով կան 29 մեղադրյալներ։ Այդ մասին, «Լուրեր»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը՝ չբացահայտելով մեղադրյալների ով լինելը։

Գործերը քննվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում՝ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու կոչերի հատկանիշներով։

Ըստ Գլխավոր դատախազության՝ մեղադրյալներից 44-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 22-ը մերժվել է, 21-ը՝ բավարարվել։ Այս քրեական գործով 3 անձ հետախուզվում է։

Նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարություն, խորհրդարան ու կառավարական ամառանոց ներխուժած անձանց կողմից գողացված փաստաթղթեր բնակարանների խուզարկությունների արդյունքում չեն հայտնաբերվել:

«Վարչապետի կեցավայրից իրերի որոշ մասը՝ ժամացույցներ, օծանելիքներ, վարորդական իրավունքի վկայական, բջջային հեռախոս, հայտնաբերվել և վերցվել են այդ դրվագով մեղադրյալների անձնական խուզարկությամբ»,- հայտնել են դատախազությունից։

Նոյեմբերի 9-ի անկարգությունների գործով 3 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ։ Նրանք դատապարտվել են 4 տարվա ազատազրկման։ Եվս 8 քրեական գործ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։

Նախաքննության փուլում է գտնվում նոյեմբերի 9-ի գիշերը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու հետ կապված քրեական գործը, կա 2 մեղադրյալ։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը։