Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում 2021 թվականի օգոստոսի 21-ից մեկնարկել եւ ընթանում են Արցախյան երեք պատերազմների հերոսներին նվիրված զբոսայգու կառուցման աշխատանքները։
Ինչպես տեղեկացրեց Վերին Գետաշեն համայնքի ղեկավար Տիգրան Մուրադյանը, զբոսայգին կառուցվում է արտերկրում բնակվող ու աշխատող վերինգետաշենցի բարերարների միջոցներով, 49 միլիոն դրամի ներդրմամբ։ Ծրագրի իրականացմանը մասնակցում են շուրջ 100 բարերարներ։ Զբոսայգու տարածքը, որը գտնվում է Վերին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի հետնամասում, զբաղեցնում է 4000 քմ տարածք։
«Արցախյան պատերազմներում Վերին Գետաշենը տվել է 4 զոհ։ Նրանց հիշատակը հավերժացնելու համար զբոսայգում տեղադրվելու է հուշարձան։ Կառուցվում են նաեւ խաղահրապարակ, շատրվաններ եւ լուսավորության համակարգ, բեմական հատված, ստեղծվում ծառուղիներ եւ կանաչապատ գոտի։ Զբոսայգին կդառնա մեր գյուղի ամենահրապուրիչ տարածքներից մեկը՝ շնորհիվ մեր Վերին Գետաշենի զավակների բարի կամքի եւ նախաձեռնության։ Շինարարական աշխատանքները կավարտվեն 2021 թվականի նոյեմբերին»,-տեղեկացրեց Տիգրան Մուրադյանը։