Համացանցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով և «Հավերժ Միասին» գրությամբ մի պաստառ է շրջանառվում, որը, ըստ լուրերի, տեղադրված է Գորիսում։

ԼՈՒՐԵՐ.com -ի տեղեկություններով՝ այդ պաստառով զբաղվել է 2 ընկերություն, որոնցից մեկը «ԶԵԲՐԱ» գովազդային գործակալությունն է («ԷԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն), իսկ մյուսը՝ «Բիթիէլ» ծառայությունը:

Կապ հաստատեցինք «Բիթիէլ» ծառայության ղեկավար՝ Վահագն Նազարյանի հետ, որը սկզբում պատրաստակամ էր պատասխանելու հարցերին, սակայն, լսելով, թե որ պաստառի մասին է խոսքը, ասաց, որ հեռախոսազանգերով հարցազրույցներ չի տալիս. «Կարող եք մոտենալ մեր գրասենյակ, կամ գրավոր հարցում ուղարկել. կարող ենք ձեր լուսանկարով պաստառ էլ փակցնել»,- ասաց Վահագն Նազարյանը:

Փորձեցինք կապ հաստատել նաև «ԶԵԲՐԱ» գովազդային գործակալության տնօրենի՝ Թամարա Հակոբյանի հետ՝ պարզելու՝ ով է պատվիրատուն, սակայն, ապարդյուն: 

Մեզ հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Կամո Քոչարյանն էլ ասաց՝ այն տեղադրել են երեկ երեկոյան. «Թե պատվիրատուն ով է՝ չեմ կարող ասել, մեզ միայն տարածքի համար են դիմել, դիմողներն էլ այդ պաստառով զբաղվող 2 ընկերություններն են եղել»,- նշեց փոխքաղաքապետը:

Նա նաև հավելեց, որ երեկ բացի Վլադիմիր Պուտինի պաստառից տեղադրվել է նաև Մարշալ Բաղրամյանինը:

Հավելենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ պաստառի պատվիրատուն ներկայիս իշխանությունն է:

 

Զվարթ Պետրոսյան