Հռոմի Ֆրանցիսկոս պապն ավարտել է Սլովակիա կատարած իր այցը' թռիչքից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ բարձրաձայնելով հղիության արհեստական ընդհատման և միասեռ ամուսնությունների մասին:

Հռոմ վերադառնալիս նա հայտարարել է, որ «աբորտը սպանություն է»:

Նա նաև խոսել է ամուսնության մասին և ասել, որ այն հաղորդություն է տղամարդու և կնոջ միջև, բայց և հավելել, որ նույնասեռ քաղաքացիական միությունները լավ և օգտակար են շատ մարդկանց համար:

Պապը նշել է, որ Կաթոլիկ եկեղեցին «զորություն չունի փոխելու հաղորդությունը, քանի որ այն հաստատվել է Տիրոջ կողմից», բայց աջակցել է քաղաքացիական օրենքներին, որոնք փորձում են օգնել «նրանց, ովքեր ունեն այլ սեռական կողմնորոշում»:

«Սա ամենևին չի նշանակում, որ նրանք պետք է դատապարտվեն. ոչ, նրանք մեր եղբայրներն ու քույրերն են: Բայց ամուսնությունը հաղորդություն է տղամարդու և կնոջ միջև»,- ասել է Հռոմի պապը: