Որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցած միջադեպին:
«Ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելու, մարդկանց հույզերի վրա ազդելու, բայց չի ստացվելու», - ասաց ԱԺ նախագահը:
Սիմոնյանը նշեց, թե որևէ տեղեկություն չունի՝ շարունակվում են արդյոք Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ բանակցությունները:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանիցները կանգնեցրել էին հայկական ավտոբուսը, որը տեղափոխում էր արցախցի երեխաների։
Նրանք պոկել էին ավտոբուսի վրա փակցված Արցախի դրոշով նկարը և երեխաներին ասել՝ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է, հասկանալի՞ է»:
Հիշեցնենք, որ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց, գումար գանձում եւ հետո միայն թողնում ճանապարհը շարունակել։ 3 օր առաջ էլ ադրբեջանցիները ձերբակալել էին երկու իրանցի վարորդի։ Իսկ երեկ ադրբեջանցիները կանգնեցրել էին զինվորներին հաց հասցնող մեքենան։ Մեքենան շարունակել էր ճանապարհը հայ և ռուս սահմանապահների ուղեկցությամբ։