Պատերազմը չի ավարտվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։

«Քանի թուրքը մեր հարևանն է, պատերազմը չի ավարտվի, ընդհակառակը, մենք պետք է ամեն անգամ պատրաստվենք պատերազմի», — ասաց նա։

Խոսելով Գորիս-Կապան ճանապարհին երեկ մոլորված քաղաքացիների դեպքի մասին, ովքեր շեղվել էին ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերասկողության ներքո, նա ասաց, թե եթե երկու հոգի մոլորվում են, ինչ-որ տեղ են անցնում, այս իշխանությո՞ւնն է մեղավոր։

«Ասում եք՝ երկու հոգի տարել են, վաղը կասեն երեք հոգի տարան, չորս հոգի տարան, եթե մենք այլընտրանքային ճանապարհ ունենանք, էլ այդտեղից ոչ մեկին չեն տանելու, իրանք կանգնելու են իրենց սահմանի վրա, մենք էլ՝ մեր։ Ես ինչքան գիտեմ՝ մինչև նոյեմբերի վերջ այդ ճանապարհն աշխատելու է», — ասաց իշխանական պատգամավորը։