«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն օգոստոսի սկզբին դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով։ Ներկա 180 դրամի փոխարեն առաջարկվում է 1 խ/մ-ի գինը դարձնել շուրջ 223 դրամ։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ ջրի սակագնի բարձրացում ամենայն հավանականությամբ կլինի, նոր սակագինն էլ ուժի մեջ մտնի հունվարի 1-ից:
Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվում, որ հնարավոր է դառնում ջրի գնի բարձրացումը, այն դեպքում, երբ 2018 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «Վեոլիա» ընկերության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, մինչև 2024 թվականը ջուրը չի թանկանա: Այդ խոստումը, ի դեպ, Փաշինյանը տվել էր խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, ասել է թե՝ դա նախընտրական խոստում էր, հերթականը, որը կգրվի սառույցի վրա:
Պարզ չէ նաև , թե այդ ինչ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել 2018-ին, ինչ փոխզիջում էր ընկած դրանց հիմքում և արդյո՞ք կողմերից հենց «Վեոլիա ջուր»-ն է առաջինը խախտել այդ պայմանավորվածությունը: Ինչևէ, փաստը մնում է փաստ, որ հունվարից հպարտ քաղաքացիների ֆինանսական բեռը ավելանալու է: