Հայաստանի պետական պարտքն ընդհանուր առմամբ 2020 թվականին կազմել է 7 մլրդ 969 մլն ԱՄՆ դոլար, որի շրջանակում կառավարության պարտքը եղել է 7 մլրդ 509 մլն դոլար, մնացածը Կենտրոնական բանկի պարտքն է։ Պարտքի մեծությունը ավելին է, քան մեր երկրի համախառն ներքին արդյունքի 60 տոկոսը, հետևաբար պետական պարտքը հատել է օրենքով թույլատրելի շեմը։ Այս տարի պետական պարտքը աճել է և այսօր այն կազմում է ՀՆԱ-ի 60.2 տոկոսը:

Նման պայմաններում պարտքի կառավարելիության միակ տարբերակը ՀՆԱ աճի հույսն է։ Եթե Հայաստանի տնտեսությունը որևէ հրաշքով կտրուկ աճ ունենա, դրանով պայմանավորված երկրում կարձանագրվի նաև ավելի մեծ թվով արտահայտված անվանական տնտեսական արդյունք, ինչով պայմանավորված ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը տոկոսային հարաբերությամբ կնվազի։

2021 թվականի բյուջետային ծախսերի 20 տոկոսից ավելին նախատեսված էր արտաքին պարտքի սպասարկման համար, սակայն, ինչպես նշեցինք, պետական պարտքը միայն ու միայն աճում է, իսկ ՀՆԱ-ի աճի հույսերը մարում, քանի որ դժվար է պատկերացնել թե ինչի հաշվին այն պետք է ավելանա, երբ երկրում չի նահանջում խորը տնտեսական ճգնաժամը, ինչում իրենց ուրույն դերը ու ներդրած լուման ունեն գործող իշխանությունները՝ ապաշնորհ և անհեռանկար տնտեսական քաղաքականությամբ՚..