Առաջիկայում քաղաքում շուրջ 30 հեկտար տարածքի վրա կունենանք ընդարձակ անտառ-պուրակ, որը ավելի կանաչ կդարձնի մեր քաղաքը եւ կխորհրդանշի կյանքի շարունակականությունը՝ դառնալով Արցախյան ազատամարտի մեր բոլոր նահատակների հիշատակին նվիրված յուրօրինակ հուշարձան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Չափազանց կարեւոր այս նախաձեռնությունը մտավ գործնական փուլ։
Դեռ այս տարվա սկզբից քաղաքապետարանում մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ զոհված հերոսների հարազատների մասնակցությամբ, քննարկում էինք Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակը հավերժացնող պուրակի ստեղծումը։
Քննարկումների արդյունքում որոշվեց պուրակը հիմնել Երեւանի Բուսաբանական այգում։ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց նախաձեռնությանը, եւ հաշվի առնելով գաղափարի համազգային նշանակությունը, որոշվեց, որ այն կիրականացվի պետական միջոցներով։
Առաջիկայում քաղաքում շուրջ 30 հեկտար տարածքի վրա կունենանք ընդարձակ անտառ-պուրակ, որը ավելի կանաչ կդարձնի մեր քաղաքը եւ կխորհրդանշի կյանքի շարունակականությունը՝ դառնալով Արցախյան ազատամարտի մեր բոլոր նահատակների հիշատակին նվիրված յուրօրինակ հուշարձան»,- գրել է նա։