Այսօր հերթական սկանդալի կիզակետում է հայտնվել ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Yerevan.today-ի լրագրողի դիտարկմանը, թե անցած 30 տարիներին թշնամին այդ տարածքում հենակետ չէր տեղադրում, Քոչարյանը արձագանքել էր' «30 տարի դու էիր տնօրինում»։ Քոչարյանը լրագրողի մյուս հարցերին ի պատասխան նշել էր' «Մյուս անգամ դու կգնաս առաջնագիծ»։ Լրագրողը պատասխանեց, որ առաջնագիծ կգնա Անդրանիկ Քոչարյանի և նրա որդու հետ։ Նաև հիշեցրեց, որ մամուլում տեղեկություններ կան, որ հենց Անդրանիկ Քոչարյանի միջնորդությամբ նրա զարմիկին պատերազմի ժամանակ դիրքերից հեռացրել են։ Այս հիշեցումն Անդրանիկ Քոչարյանին զայրացրեց և նա անցավ անձնական վիրավորանքների։ «Ղուրբան լինես իմ զավակին։ Ղուրբան լինես իմ երկու զավակին։ Գնա վարսավիրանոց, քո տեղը վարսավիրանոցում է, մազերդ տնկվել են», - ասաց նա՝ դիմելով լրագրողին։

Տարիներ առաջ , երբ նմանատիպ դեպք էր տեղի ունեցել Մհեր Սեդրակյանի հետ և վերջինս լրագրողի հանդեպ, մեղմ ասած, անհարգալից վարք էր ցուցաբերել, այն ժամանակվա ընդդիմադիրները, ովքեր այսօր իշխանության գլուխ են, անարգանքի սյունին էին գամում Սեդրակյանին' այդ պատմությունը երկար ժամանակ շահարկելով: Այսօր, սակայն, նույնքան խստապահանջ չեն արդեն սեփական թիմակցի հանդեպ, որին, կարծես թե, Սեդրակյանի փառքը հանգիստ չի տալիս, և նա որոշել է կրկնել վերջինիս «փառահեղ անցյալը»...