Կառավարության շենքի մոտ են հավաքվել 44-օրյա պատերազմից հետո Հադրութից բռնի տեղահանված բնակիչները։ Նրանք 8 ամսից ավելի է մշտական բնակության վայր չունեն, պատերազմից հետո կորցրել են իրենց բնակարանները։ ՀՀ և ԱՀ կառավարություններից պահանջում են իրենց բնակարաններով ապահովել։
«Մենք նամակ էինք հղել 45 օր առաջ, մինչեւ հիմա պատասխան չունենք, թե ինչ են մտածում Արցախից տեղահանված բնակչության մասին, որոնք գտնվում են ՀՀ-ում, ինչ ծրագրեր ու նախագծեր ունեն մեր հետագա ճակատագրի վերաբերյալ:
Մհեր Գրիգորյանի հետ հանդիպելուց հետո մենք հանդիպել ենք նաեւ սոցապնախարարի հետ, Արցախի պետնախարարի եւ տարածքային կառավարման նախարարի հետ: Որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն ձեռք է բերվել, բայց առայժմ հստակ ոչ մի բան չկա:
Առաջին հարցը, որ մեզ հուզում է կարգավիճակի հարցն է. տեղահանված ենք, ունենք ՀՀ անձնագիր, բայց քաղաքացի չենք համարվում, ոչ մեկը չի ասում՝ որ երկրի քաղաքացին ենք մենք:
Շուտով ձմեռ է գալիս, բնակարանային հարցի լուծման հարցում տեղաշարժ չկա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նա նկատեց, որ վերջին 2 ամսում վարձավճարներն էլ են դադարեցրել.
«Ոչ 68-հազարական դրամներն են տալիս, ոչ էլ հյուրընկալության գումարները: Ասել են, որ մտածում են նոր միջոցառումներ՝ նպաստները շարունական լինելու համար, նոր ծրագիր պետք է մշակեն, որից ոչ մի տեղեկություն չունենք»:
Հադրութցիները նաև նամակներ էին հանձնել ՀՀ-ում ԱՄՆ, Ֆրանսիայի դեսպանատուն և ՄԱԿ-ի գրասենյակ, սակայն նշեցին, որ արձագանք չեն ստացել։