Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիաննա Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մայրս մահացավ… Մեկ շաբաթով Մոսկվայում էի գործերով, երբ մորաքրոջս տղան մտավ սենյակ ու ասաց.

«Տոմսերն առել եմ, շտապ պետք է հետ գնաս Երևան, մայրդ լավ չի զգում իրեն, հիվանդանոցում է»:

Անմիջապես հասկացա, որ եղբայրս ստում է. ես մորս լավ գիտեի. անգամ հիվանդանոց ընկնելու պարագայում նա թույլ չէր տա, որ ինձ զանգեին ու հետ կանչեին: Եթե զանգել են, ուրմեն նա այլևս չկա:

Ծնող կորցնելն ինքնին արդեն մեծագույն ցավ է: Սակայն այդ ցավը քառապատկվում է, երբ այդ մահը տեղի է ունենում բժշկի անգրագիտության, տմարդության և անտարբերության պատճառով:

Առողջ, 59 տարեկան կինը կտրուկ վատանում է: Մորաքույրներս շտապօգնություն են կանչում: Կանչին գալիս է երիտասարդ մի բժիշկ: Մայրս գանգատվում է կրծքավանդակի սրտի շրջանում ցավից, ձախ ձեռքի թմրածությունից և զարկերակային ճնշման բարձրացումից:

Իբրև բժիշկ նշեմ, որ սրանք ԴԱՍԱԿԱՆ ստենոկարդիայի նոպայի ախտանշաններ են: Ենթադրվում է, որ բժշկական համալսարանի ցանկացած ուսանող սա գիտի: Բայց, ի դժբախտություն մեր ընտանիքի, շտապօգնության երիտասարդ բժիշկը այս տարրական գիտելիքները չուներ, ինչը ճակատագրական եղավ մորս համար:

Անտեսելով մորս գանգատները՝ կապված սրտի հետ՝ նա չի կատարում պարտադիր էլեկտրասրտագրություն (ЭКГ): Հիմնվելով իր ենթադրությունների վրա՝ երիտասարդ բժիշկն ախտորոշում է նևրոզ:

Մորաքույրներս խնդրում են և պարտադրում գոնե տեղափոխել հիվանդանոց, ինչին ի պատասխան նա պնդում է, որ սրտի հետ կապված որևէ խնդիր չկա և անհոգ հեռանում: 15 րոպե անց մայրս մահանում է սրտի կանգից (սուր կորոնար անբավարարություն):
Ես բարձրաձայնում եմ այս անձնական ողբերգությունը և պատրաստվում եմ անցնել դատական բոլոր քաշքշուքների միջով միայն մի նպատակով, որ բացառեմ նման դեպքերի կրկնությունը:

Ես գիտեմ, որ սրանով մորս հետ չեմ բերի, բայց կկանխեմ ուրիշ մայրերի մահը:
Ակնկալում եմ ոլորտի պատասխանատուների և բոլոր պատկան մարմինների ուշադրությունը, հանցավոր անգործությունն ու անտարբերությունը Հայաստանի քաղաքացիների կյանքի իրավունքն ապահովվելու Ձեր Սահմանադրական պարտականության տարրական խախտում է, այլ կերպ ասած հանցագործություն»: